Հասարակական

Մահացել է Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը

3 րոպեի ընթերցում

Մահացել է Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը

ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռը ցավով տեղեկացնում է, որ այսօր կյանքի 91-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը։ Սրբազան Հայրը մեկ տարուց ի վեր անկողնային վիճակում էր բժիշկների հսկողության եւ Ս. Գայանե վանքի միանձնուհիների խնամքի ներքո:

Տ. Հուսիկ արք. Սանթուրյանը (ավազանի անունով` Ազատ) ծնվել է 1920թ. Սեբաստիա քաղաքում (Թուրքիա)։ 5 տարեկանից որբացել է եւ մինչեւ պատանեկության տարիները ապրել ու կրթվել է դանիուհի Մերի Յակոբսոնի «Թռչնոց բույն» որբանոցում (Ջիբեյլ, Լիբանան)։1935թ. ավարտել է Ջիբեյլի դանիական որբանոցի ուսումնական շրջանը եւ նույն թվականին տեղափոխվել Երուսաղեմի գերմանական որբանոցի արհեստա-ուսումնական կուրսը` ավարտելով այն 1938թ.:

1939-1945թթ. աշխատել է Երուսաղեմում` որպես ուսուցիչ եւ գրասենյակային ծառայող։1947թ. ներգաղթել է Հայաստան։1953-1955թթ. ուսանել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում։1955թ. ձեռնադրվել է սարկավագ։1956թ. փետրվարին ձեռնադրվել է կուսակրոն քահանա եւ նշանակվել Մայր Աթոռի եկեղեցական արվեստի թանգարանի վերակացու։1959թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան։ 1961թ. նշանակվել է Ադրբեջանի թեմի առաջնորդ։1962թ. հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

1965թ. նշանակվել է Մայրավանքի փոխլուսարարապետ:1972թ. ստանձնել է լուսարարապետի պաշտոնը, որ վարել է շուրջ 30 տարի:Իր բազմամյա ծառայության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Հայ եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո շքանշանի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ եկեղեցականաց դասը սգում են բազմավաստակ Սրբազան Հոր մահը:

Վաղը`ժ. 18.00-ին, Սբ. Գայանե վանքում կկատարվի եկեղեցու կարգ: Փետրվարի 3-ին, ժ. 10:30-ին, հընթացս Սբ. Պատարագի` կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Հուսիկ Սրբազանի մարմինը կամփոփվի միաբանական գերեզմանատանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում