2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի ռազմավարական պլանավորման համատեղ խմբի առաջին նիստին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի հաղորդագրության մեջ: Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում Լավրովի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ:
«Նիստում կքննարկվեն ռուս-թուրքական գործակցության այս նոր մեխանիզմի աշխատանքի կազմակերպման հարցերը, որն ստեղծվել է ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության խորհրդի շրջանակներում: Սպասվում է, որ կարծիքներ կփոխանակվեն երկկողմ եւ միջազգային օրակարգի ընդգրկուն հարցերի շուրջ, ներառյալ եվրոպական անվտանգության խնդիրները, մերձավորարեւելյան կարգավորման իրադրությունը, Բալկանների, Անդրկովկասի եւ աշխարհի մի շարք այլ տարածաշրջանների դրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
2010 թվականի մայիսին ՌԴ-ն եւ Թուրքիան ստեղծել են Համագործակցության բարձր մակարդակի խորհուրդ, որը մշակում է երկու երկրների հարաբերությունների զարգացման ռազմավարությունը եւ համակարգում խոշոր նախագծերի իրացումը: Խորհրդի շրջանակներում ստեղծվել է, մասնավորապես, ռազմավարական պլանավորման համատեղ խումբ, որը ղեկավարում են արտգործնախարարները: Այն կոչված է ամրապնդելու արտաքին քաղաքական կոորդինացումը: