Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը կջանա այս տարի առաջ շարժվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, հենվելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցության վրա, այս տարի կջանա նախորդ տարվա համեմատ Էլ ավելի առաջ շարժվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Եռյակին» մասնակցելուց բացի, ՌԴ-ն, ի դեմս նախագահ Մեդվեդեւի, օգտագործում Է Երեւանի եւ Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները, որպեսզի փորձի հիմնախնդիրը լուծել երեք երկրների նախագահների ձեւաչափով»,-ասել Է նախարարը: «Մենք ձգտում ենք հանգուցալուծումներ գտնել երկու-երեք հիմնախնդիրների շուրջ, որոնք թեպետեւ փոքրաթիվ են արդեն համաձայնացված հարցերի համեմատ, բայց առավել կարեւորներն են»,-նշել Է Լավրովը:
ՌԴ-ի արտգործնախարարի խոսքով՝ ներկա փուլում ամենագլխավորը այդ գործընթացին չխանգարելն Է, քանի որ հենց սկսում են օգտագործվել այնպիսի կազմակերպությունների ամբիոններ, ինչպիսին են ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, հարցը գործարար քննարկումից տեղափոխվում Է բանավեճի ոլորտ, ինչը չի նպաստում դիրքորոշումների մերձեցմանը, այլ միայն հրահրում Է կողմերի մոտեցումների կարծրացում եւ անտագոնիզմ:
«Մինչ այժմ այդ սինդրոմները հաջողվում Էր հաղթահարել հիմնականում մեր նախագահի ջանքերով, որը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համար ստեղծում Էր լուծումներ գտնելուն նպաստող մթնոլորտ, եւ մենք մեր ջանքերը շարունակելու ենք»,-հավելել Է Լավրովը: