ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ծանրորդներն Անթալիայում սեպտեմբերին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնության մրցաշարում նույնպես կասեն իրենց խոսքը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նա նշեց, որ թիմի նախապատրաստումն ընթանում Է սովորական ռիթմով, իսկ անվանի ծանրորդներ 77կգ քաշային աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Դավթյանի, 69կգ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի բացակայությունը ժամանակավոր Է: Այժմ պետք Է հանդես գան այն մարզիկները, որոնց առջեւ Անթալիայում հեռանկար Է բացվում:
Փ.Ալավերդյանը նշեց, որ ընթացիկ մրցաշրջանում մի քանի հայ երիտասարդ ծանրորդներ իրենց շատ լավ ցուցաբերեցին միջազգային մրցումներում, այնպես որ Հայաստանի թիմը լավ հերթափոխ ունի: Նա ընդգծեց, որ այն արդյունքները, որոնք այժմ ցույց են տալիս Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները, հույս են ներշնչում` ասելով, որ Հայաստանի ծանրորդները դեռ չեն հիասթափեցրել իրենց երկրպագուներին: