Մշակույթ

Ըստ Հարություն Խաչատրյանի` արվեստագետների համար փակ սահմաններ գոյություն չունեն

2 րոպեի ընթերցում

Ըստ Հարություն Խաչատրյանի` արվեստագետների համար փակ սահմաններ գոյություն չունեն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե զինվորները պատերազմում են, քաղաքական գործիչները ճանապարհ են հարթում կամ պայմանավորվում հետագա գործողությունների մասին, ապա արվեստագետները բացում են սահմանները, որովհետեւ արվեստագետի համար սահմաններ չպետք է գոյություն ունենան»,-ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն, «Սահման» ֆիլմի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հարություն Խաչատրյանի խոսքով` 7 տարի առաջ, երբ «Ոսկե ծիրան» փառատոնի ֆիլմերի կազմում ներառվել են թուրքական ֆիլմեր եւ դրանք մրցանակներ են ստացել, դա արդեն վկայում էր, որ արվեստագետների համար փակ սահմաններ գոյություն չունեն:

Նշենք, որ «Սահման»-ը պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին: Վերջինս ֆիլմի գլխավոր հերոսն է, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարեւան ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կենցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: «Սահման»-ով ռեժիսորն առաջարկում է քանդել գոյություն ունեցող բոլոր սահմանները: Անցած տարվա ընթացքում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները` Մոնտեվիդեոյում, Մոսկվայում ու Թբիլիսիում, այս տարի կհամալրվեն մի քանի այլ երկրներից ստացված հրավերներով:

Ռեժիսորի ռետրոսպեկտիվների շարք է նախատեսված Իսպանիայում` Մադրիդի Վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում` մայիսի 7-16-ը, Իսրայելում` Սդերոտ քաղաքում անցկացվող «Cinema South» կինոփառատոնում` մայիսի 30-ից մինչեւ հունիսի 3-ը, եւ ԱՄՆ Կոլորիդա Նահանգում` Թելուրայդի 37-րդ միջազգային կինոփառատոնում` սեպտեմբերի 3-6-ը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 7-րդ անգամ` հուլիսի 11-18-ը: Փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում