Սերգեյ Լավրովը դրական է գնահատում ԱՊՀ-ի հեռանկարները
1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը դրական է գնահատում ԱՊՀ-ի հեռանկարները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ռուսաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Նրա խոսքով` ֆինանսական ճգնաժամի սկսվելու պահից ԱՊՀ-ի երկրներում արմատացավ այն բանի ըմբռնումը, որ ավելի լավ կլինի միասին լինել:
Լավրովը նշել է, որ վերջին 2-3 տարվա ընթացքում ԱՊՀ-ի բոլոր մասնակիցների կողմից կտրուկ աճել է հետաքրքրությունը նրա տնտեսական բաղադրիչը զարգացնելու նկատմամբ: «Ֆինանսական ճգնաժամի սկսելուց հետո այդ հետաքրքրությունը էլ ավելի գործնական ուղղվածություն ստացավ, հայտնվեց այնպիսի մեխանիզմ, ինչպիսին է ԱՊՀ-ի ֆինանսների նախարարների հանդիպումը, ինչը նախկինում չի եղել:
Նրանց աշխատանքի արդյունքում հավանություն է տրվել ճգնաժամի հետեւանքների հաղթահարման միջոցառումների ծրագրին: Դա գալիս է լրացնելու այնպիսի փաստաթղթեր, ինչպիսին է մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարությունը»,- ասել է Լավրովը: