Հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 652 հանցագործություն
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2009 թ-ի ինն ամիսների ընթացքում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 652 հանցագործություն, որը 339-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը: Նրա խոսքով, չնայած հանցագործությունների աճին, ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ակտիվ պայքար են մղում դրանց բացահայտման ուղղությամբ. հայտնաբերվել է դրամանենգության 6, պաշտոնական լիազորությունների չարաշահման 71 եւ կաշառակերության 46 դեպք: Մտավոր սեփականության ոլորտում կատարվել է հանցագործության 28 դեպք, որից 2-ը` հեղինակային եւ հարակից իրավունքների խախտմամբ, 12-ը` խարդախության, 5-ը` կեղծ գինի եւ օղի պատրաստելու, 4-ը` պոռնկագրական գրականություն տարածելու եւ այլ հանցագործությունների համար: Հ. Պողոսյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին համատեղել բոլոր ջանքերը նման հանցագործույթունները բացահայտելու համար: