Մեկնարկել է հայ-քուվեյթյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի եւ Քուվեյթի ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Ջարալլահի միջեւ Քուվեյթի ԱԳՆ-ում կայացած հանդիպմամբ այսօր մեկնարկել է հայ-քուվեյթյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, կողմերը քննարկել են առաջիկայում Քուվեյթի Պետություն Հայաստանի նախագահի կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, ստորագրվելիք փաստաթղթերի կատարման ընթացքն ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման առումով երկուստեք կարեւորվել է տնտեսական բնույթի համաձայնագրերի ստորագրումը: Պարոն Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքականությունը հարեւան երկրների նկատմամբ, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլն ու արցախյան հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, նաեւ` տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Քուվեյթյան կողմը բարձր է գնահատել հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը: Քուվեյթի ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին անդրադարձել է հարեւան երկրների, մասնավորապես` Իրանի, Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության խնդիրներին, լուսաբանեց Քուվեյթի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն ու Ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում վարվող քաղաքականությունը: