ՀՀ քաղաքաշինության նախարարի դիտարկմամբ` ակտիվ սողանքային գոտիների հարցը հիմնականում պետք է լուծվի բնակիչների վերաբնակեցման միջոցով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Հայաստանում ներկայում առկա 131 ակտիվ սողանքային գոտիների ուսումնասիրության ուղղությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունն իրականացրել է բավականին լայնածավալ աշխատանքներ, հստակեցվել է այս առումով իրավիճակը: Այս մասին «Արմենպրեսե-ին ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ում տեղեկացմամբ` իրականացված ուսումնասիրություններից հետո առաջարկներ են ներկայացվել ինչպես կառավարությանն, այնպես էլ առանձին համայնքներին` այդ բնակավայրերի բնակիչներին հնարավորինս շուտ տեղափոխելու վերաբերյալ: Վ. Վարդանյանի խոսքով` սողանքային վայրերի բնակիչները հիմնականում վերաբնակեցվելու են: Նրա գնահատմամբ` նպատակահարմար չէ այդպիսի գոտիներում վերականգնման աշխատանքների իրականացումը, քանի որ 1-2 տարի հետո դրանցում ստեղծվում է նույն վթարային իրավիճակը: Այլ լուծումներ պետք է տրվեն սահմանամերձ մի շարք սողանքային բնակավայրերում, քանի որ դրանք, ունենալով ռազմավարական նշանակություն, բնակչությանը չի կարելի տեղափոխել: Այժմ փորձ է արվում հաշվարկել այն գումարները, որոնք անհրաժեշտ են ակտիվ սողանքային վայրերի բնակիչներին վերաբնակեցնելու կամ այդ տարածքների խնդիրները լուծելու համար: Վ. Վարդանյանի խոսքով` դա բավականին մեծ գումար է` առանձնացված ըստ տեղափոխման եւ վերականգնման ենթակա վայրերի: Գեղարքունիքի մարզում բնակարանային խնդիրների լուծման նպատակով այս տարի շուրջ 200 մլն դրամ է հատկացվել: Միջոցներ են տրամադրվել նաեւ Տավուշի, Վայոց Ձորի մարզերի եւ մի շարք այլ սողանքային գոտիների հարցի լուծման համար: