Հասարակական

Ա.Դարզիին շնորհվեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմ եւ կրծքանշան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմ եւ կրծքանշան շնորհվեց հայտնի ոռուցքաբան, միջազգային ճանաչում ունեցող գիտնական Արա Դարզիին (Թերզյան): Բարձր գնահատելով Արա Դարզիի գիտական վաստակը, նաեւ Հայաստանի հետ համագործակցությունը` 2008թ-ին ակադեմիան նրան ընտրել է որպես ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արա Դարզին Հայաստանում հայտնի է բժշկության ոլորտում կատարած իր բարեգործություններով: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերով: Ա. Դարզին արժանացել է 2004թ-ի Համդանի մրցանակի, 2002թ-ին` Բարձր ասպետական մրցանակի` Մեծ Բրիտանիային մատուցած ծառայությունների համար, 2001թ-ին` Մեծ Բրիտանիայի թագուհու հոբելյանական պարգեւի: Արա Դարզին մինչեւ վերջերս Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարն էր, Լոնդոնի «Արքայական քոլեջիե բժշկագիտության ýակուլտետի վիրաբուժության բաժնի վարիչն է, առողջապահական նորագույն տեխնոլոգիաների յուրացման կենտրոնի նախագահը, Առողջապահության արդյունաբերության նպատակային խմբի, Եվրոպայի միացյալ առողջապահական խորհրդի հանձնաժողովի, Միջազգային վիրաբուժական խմբի, Բժշկագիտության ակադեմիայի անդամ, 2006թ-ից` Արքայական ինժեներական ակադեմիայի պատվավոր անդամ: Արա Դարզին բժշկագիտության ոլորտին նվիրված տասնյակ հոդվածների եւ ութ գրքի համահեղինակ է: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով` Արա Դարզին մեր ժողովրդի պարծանքն է: Հայ ժողովուրդը մշտապես հպարտ կլինի` իմանալով, որ նա նորանոր հաջողութուններ ունի: Նա նշանակալի համարեց, որ Ա.Դարզիին երկար տարիներ վստահվել է Մեծ Բրիտանիայի պես երկրի առողջապահական համակարգի կառավարումը: Ա.Դարզին նշեց, որ Հայաստանում շատ տաղանդավոր բժիշկների եւ բուժքույրերի է հանդիպել եւ տպավորված է նրանց գիտական, աշխատանքային կարողություններով: Տեսել է նաեւ շատ լավ կահավորված եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած հիվանդանոցներ, սակայն, ըստ նրա, ցանկացած երկրի առողջապահական համակարգում ավելի շատ բան դեռ կա անելու, քան արվել է: Սա Ա.Դարզիի երրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա վիրահատություններ է կատարել, երկրորդ անգամ դասախոսություններ ունեցել: Երրորդ այցը համարում է «հանրայինե: Նա մշտական կապի մեջ է հայաստանյան իր գործընկերների հետ, նրանք հաճախ են հանդիպում փորձի փոխանակման, քննարկումների նպատակով: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի բժշկական եւ գիտական այլ ոլորտների ականավոր ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում