Հասարակական

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր ուղերձ է հղել Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Համաժողովի հարգելի մասնակիցներ Ողջունում եւ ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մեկնարկի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված այս միջոցառումը իր դերակատարությունը կունենա հայ իրավական մտքի զարգացման գործում: Իրավական ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման եւ ամրապնդման հանգուցային բաղադրամասերից մեկն է: Այն առնչվում է եւ ներքին, եւ արտաքին քաղաքական հիմնահարցերին: Այս համատեքստում համայն հայության գիտական ներուժի համար բացվում է լայն դաշտ` Արցախյան հիմնահարցի իրավական տարբեր ասպեկտների ուսումնասիրություններ իրականացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել մեր փաստարկներն ու մոտեցումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հայոց անկախ պետականության զարգացումը եւ զորացումը անմիջապես կապված է քաղաքացիական պետության եւ ժողովրդավարական արժեքների շարունակական ամրապնդման ու արմատավորման հետ: Այդ գործընթացում մեծ է նաեւ ձեր` իրավաբաններիդ դերը: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են բարձր արհեստավարժություն, սկզբունքայնություն, ազնվություն եւ, իհարկե, համառ աշխատանք: Առանձնակի կարեւորություն ունի ողջ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունը: Հայկական հզոր Սփյուռքի առկայությունը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետորեն լուծել մեր առջեւ ծառացած հիմնախնդիրները` ուսումնասիրելով եւ օգտագործելով այլ պետությունների փորձը: Այս տեսանկյունից իրավաբանների համահայկական համաժողովը, որը կազմակերպված է բարձր ներկայացուցչական մակարդակով` պետական իշխանության մարմինների, հայ ժողովրդի տարբեր հատվածների գիտական եւ քաղաքական շրջանակների մասնակցությամբ, ստանում է յուրահատուկ կարեւորություն: Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի իրավական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ նրա մասնակիցներին` հաջողություններ` հանուն հայոց պետականության հզորացման, մեր ժողովրդի նվիրական իղձերի իրականացմանե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում