ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն մտքեր են փոխանակել Սինգապուրյան զարգացման մոդելի շուրջ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն: Նա եղել է Սինգապուրի առաջին վարչապետը եւ 31 տարի ղեկավարել է երկրի գործադիր իշխանությունը: Լի Կուան Յուն հայտնի է որպես տնտեսական բարեփոխումների սինգապուրյան մոդելի հիմնադիր: Այսօր Սինգապուրի ավագ նախարարին հյուրընկալել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ողջունելով բարձրաստիճան հյուրին` նախագահ Սարգսյանն ասել է. «Աշխարհում քչերը կան, ովքեր հիացած չեն սինգապուրյան հրաշքով, եւ բոլորը շատ հստակ պատկերացնում են, որ Դուք, լինելով առաջին վարչապետը, այդ գործի հեղինակն ու կազմակերպիչն եք: Եւ, իհարկե, այդ օրինակը շատ ցանկալի է փոքր պետությունների համարե: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Լի Կուան Յուի այցը նոր շունչ կհաղորդի Հայաստան-Սինգապուր պատմական հարաբերություններին, եւ նշել, որ երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված գործունեության համար հրամանագիր է ստորագրել նրան Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Շնորհակալությամբ ընդունելով պարգեւը` Սինգապուրի ավագ նախարարն ասել է, որ ուրախ է Հայաստան այցելելու հնարավորության համար: Նրա խոսքով` Սինգապուրում հայերի թիվը թեեւ փոքր է, բայց նրանք վճռորոշ դերակատարում են ունեցել երկրի զարգացման գործում, իսկ քաղաքի ամենահայտնի վայրերից մեկում գործում է հայկական եկեղեցի: Հանրապետության Նախագահը եւ ավագ նախարարը մտքեր են փոխանակել Սինգապուրյան զարգացման մոդելի շուրջ, քննարկել են ձեռք բերված փորձի վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու հնարավորությունները: Լի Կուան Յուի խոսքով` իրենց փորձը հուշում է, որ երկրի արդյունավետ զարգացման հիմքը բարձր որակի կրթությունն է, որի համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ` երիտասարդությանը հնարավորություն տալով ուսանել արտերկրի բարձրակարգ ուսումնական հաստատություններում: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ արդեն իսկ լուրջ քայլեր են ձեռնարկվում, եւ այս տարի առաջին անգամ նաեւ պետության ýինանսական օժանդակությամբ մի խումբ երիտասարդներ կուսանեն աշխարհի առաջնակարգ բուհերում: Հանրապետության Նախագահը հետաքրքրվել է նաեւ քաղաքացիական ծառայության համակարգի կայացման սինգապուրյան փորձով` նշելով, որ Հայաստանը մտադիր է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել այդ ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խումբ գործուղել Սինգապուր` փորձին տեղում ծանոթանալու եւ վերապատրաստվելու նպատակով: