Հասարակական

Հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ անկման տեմպը փոքր-ինչ մեղմվել է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Այս տարվա հունվար-օգոստոսին, շտապ հավաքագրված տվյալներով, Հայաստանում համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 1 տրլն 761 մլրդ 874.9 մլն դրամ, նախորդ տարվա նկատմամբ նվազման տեմպը 18.4 տոկոս է: Օգոստոսին հուլիսի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 15.8 տոկոսով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը (ներառյալ էներգետիկան) կազմել է 393 մլրդ 825.9 մլն դրամ: Նախորդ տարվա նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 11.9 տոկոսով: Օգոստոսին հուլիսի նկատմամբ նվազման տեմպը 0.5 տոկոս է: Առանց էներգետիկայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման` արդյունաբերական արտադրանքը կազմել է 314 մլրդ 500.7 մլն դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշից 11.2 տոկոսով պակաս: Հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 3 մլրդ 741.2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա` 2008-ից 11.8 տոկոսով պակաս: Օգոստոսին հուլիսի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 1.6 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքն այս տարվա առաջին 7 ամիսներին կազմել է 281 մլրդ 546.7 մլն դրամ, ինչը 2008-ի համեմատ նվազել է 1.5 տոկոսով: Օգոստոսին հուլիսի նկատմամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքն ավելացել է 24.1 տոկոսով: Նշված ժամանակահատածում հանրապետությունում իրականացվել է 242 մլրդ 219.5 մլն դրամի շինարարություն` անցած տարվա նույն ցուցանիշից 52.6 տոկոսով պակաս: Օգոստոսին հուլիսի նկատմամբ իրականացված շինարարության ծավալն աճել է 7.9 տոկոսով: Մանրածախ առեւտրի շրջանառության ընդհանուր ծավալը հունվար-օգոստոսին 596 մլրդ 127.2 մլն դրամ է, 2008-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսով: Օգոստոսին հուլիսի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 11.4 տոկոսով: Բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.4 տոկոսով եւ կազմել 467 մլրդ 441.8 մլն դրամ: Օգոստոսին հուլիսի նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 8.4 տոկոսով: Հունվար-օգոստոսին հանրապետությունում պաշտոնապես գրանցված է եղել 83.8 հազար գործազուրկ: 2008-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 10.8 տոկոսով, օգոստոսին հուլիսի համեմատ` նվազել 1 տոկոսով: Զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ ավելացել է 12.3 տոկոսով` կազմելով 99 հազար 61 դրամ: Նախորդ տարվա նոյն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 7 տոկոսով: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին, շտապ հավաքագրված տվյալներով, 2008-ի համեմատ նվազել է 29.9 տոկոսով` կազմելով 2 մլրդ 360.4 մլն դոլար կամ 837.2 մլրդ դրամ: Հայաստանից նշված ժամանակահատվածում իրականացվել է 408.9 մլն դոլարի կամ 1469 մլրդ դրամի արտահանում: 2008-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանման ծավալները` դոլարով հաշվարկված, նվազել են 41.1 տոկոսով: Օգոստոսին հուլիսի համեմատ նվազման տեմպը 19.9 տոկոս է: Ներմուծման ծավալները նախորդ տարվա նկատմամբ (դոլարով հաշվարկված) այս տարվա հունվար-օգոստոսին նվազել են 27տոկոսով` կազմելով 1 մլրդ 951.5 մլն դոլար կամ 691.2 մլրդ դրամ: Օգոստոսին հուլիսի համեմատ աճի տեմպը դեռ հաշվարկված չէ: Այս տարվա հունվար-օգոստոսին դրամի միջին փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ եղել է 353.29:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում