Հեղեղը վնասել է դպրոց տանող կամուրջը
1 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Վանաձորում վերջին շրջանում տեղացած սելավների պատճառով վնասվել է թիվ 9 դպրոցի հարեւանությամբ գտնվող կամուրջը: Հորդառատ անձրեւների հետեւանքով Տանձուտ գետի մակարդակը բարձրացել է, ինչի արդյունքում էլ վնասվել է Լենինգրադյան տնակային ավանը դպրոցի հետ կապող միակ կարճ ուղին: Թիվ 9 դպրոցի տնօրեն Էդիտա Վարդանյանը նշում է, որ տնակային ավանից իրենց դպրոց են հաճախում 55-60 երեխա՝ դպրոցի աշակերտների 30 տոկոսը: Երեխաները ստիպված են լինում դպրոց գնալ-գալ ծնողների ուղեկցությամբ, կամ էլ շրջանցել եւ անցնել շատ ավելի երկար ճանապարհով: Ներկայումս կամուրջը թեեւ վնասված, բայց անցանելի է, իսկ ձմռանն այն անցնելը գրեթե անհնար կլինի: Եթե խնդիրը հրատապ լուծում չստանա, երեխաներին կտեղափոխեն ուրիշ դպրոցներ, իսկ դա արդեն լուրջ մտահոգություն է դպրոցի համար: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը տեղեկացրեց, որ կամուրջի վերանորոգումը կլինի միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի համայնքային բյուջեից գումար հատկացնել: