Հանքահանման լիցենզիա ստացած սուբյեկտների կողմից պարտականությունների չիրականացման դեպքում հնարավոր է վարչական միջամտության
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան):ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ՀՀ բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարներին եւ Կոտայքի մարզպետին` 1 շաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկ այն մասին, թե կառավարությունն ինչպիսի միջամտություն կարող է ցուցաբերել հանքահանման լիցենզիա ստացած սուբյեկտների կողմից ստանձնած պարտականությունները չիրականացնելու դեպքում: Նշված ժամկետում պետք է ներկայացվի տեղեկանք նաեւ այն մասին, թե ինչպիսի՞ն է այս առումով իրավիճակը Կոտայքի մարզում, ո՞ր մասով են հանքերն արդյունավետ շահագործվում, եւ ո՞ր մասով լիցենզիաներով ստանձնած պարտականությունները չեն կատարվում: Վարչապետը հանձնարարեց նաեւ մշակել առաջարկներ այն մասին, թե ինչպե՞ս է հնարավոր բարձրացնել այս մարզի դիմադրողականությունը համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքներին դիմագրավելու համար: Պետք է ներկայացվի նաեւ, թե ինչ ներուժ եւ հնարավորություններ են բացահայտվել, որոնք կարող են օգնել մարզին: Պատասխանելով Կոտայքի մարզում հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քայլերի վերաբերյալ հարցին` մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նշեց, որ այստեղ ընթացիկ տարում նախատեսվում է կառուցել ոսկու կորզման նոր գործարան, որի համար մասնավոր ներդրումները կկազմեն շուրջ 2 մլն դոլար: Կ. Շահգալդյանի դիտարկմամբ` որոշ դեպքերում անհրաժեշտ է պետական միջամտություն, երբ հանքահանման լիցենզիա ստացած սուբյեկտները չեն իրականացնում իրենց ստանձնած պարտականությունները: Նա առաջարկեց, մասնավորապես, ժամկետ նշանակել լիցենզիայի տրամադրումից հետո հանքերի շահագործման համար: Այդ առաջարկներն ամփոփ տեսքով պետք է սահմանված ժամկետում ներկայացվեն ՀՀ կառավարությանը: