Հասարակական

Տեղի կունենա օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա նվիրված կլոր սեղան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Սեպտեմբերի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի կունենա օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան՝ սեպտեմբերի 16-ին նվիրված կլոր սեղան, որի ընթացքում կանցկացվի նաեւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինում եւ սառնարանային տեխնիկայի կառավարումե ծրագրի շրջանակներում հրատարակված եւ թարգմանված գրքերի շնորհանդես: Նշենք, որ 2007թվականը ՄԱԿ-ի կողմից հայտարարված է օզոնային շերտի պահպանության տարի: Բացի այդ` այս տարի սեպտեմբերի 16-ին Մոնրեալում մեծ շուքով նշվելու է օզոնային շերտի պահպանությանն ուղղված միջոցառումների 20- ամյակը: Հիշեցնենք, որ 1987 թվականի սեպտեմբերի 16-ին հենց Մոնրեալում է ստորագրվել արձանագրություն, որով հստակեցվել են օզոնային շերտի պահպանության բոլոր այն գործնական քայլերը, որոնք պետք է իրականացվեն ողջ աշխարհում: ՀՀ բնապահպանության նախարարության օզոնային շերտի պահպանման միջազգային պայմանագրերի պատասխանատու-կատարող Ասյա Մուրադյանն «Արմենպրեսե-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր նկատվում է օզոնային շերտի քայքայման արագության կրճատում: Ըստ կանխատեսումների` օզոնի շերտի քայքայումը կարող է դադարել 2010- 2012թթ, եւ եթե համընդհանուր կերպով դադարեցվի օզոնի շերտին վնասող նյութերի արտադրությունը, այն կարող է վերականգնվել միայն մինչեւ 2065թ: Ա. Մուրադյանի խոսքերով` Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում օզոնի շերտի քայքայումը դադարեցնելու առումով ստանձնած իր պարտավորությունների իրականացմանը: Այս տարվա համար օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման թույլատրելի առավելագույն քանակը սահմանվել է 29,5 տոննա: Նախորդ տարվա ընթացքում ներմուծվել է օզոնային շերտը քայքայող 50 տոննա նյութ: 2010թ-ից ընդհանրապես կարգելվի օզոնային շերտը քայքայող նյութերի եւ դրանք պարունակող սարքավորումների ներմուծումը Հայաստան: Ըստ Ա. Մուրադյանի` Հայաստանն այսօր շատ ավելի փոքր քանակով ունի այդ նյութերի պահանջը, քան մեր երկրի համար սահմանված 30 տոննա քանակն է: 2001թվականից սկսած` նկատվում է այդ նյութերի ներկրման նվազում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում