Հասարակական

Վ. Հովհաննիսյան. «Հարավային Կովկասի երկու քրիստոնյա ժողովուրդների միջեւ ժապավենաձեւ թուրքական գիծ է մտելե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարզվում է, որ երկու քրիստոնյա ժողովուրդ, որոնք հազարամյակներ շարունակ կողք կողքի ապրում են Հարավային Կովկասում, տարածքի բնիկներն են, դիմացել են բոլոր նվաճումներին, այսօր այլեւս հարեւան չեն. նրանց միջեւ ժապավենաձեւ թուրքական գիծ է մտելե,- հայ-վրացական դարավոր հարեւանության ներկա վիճակն այսպես բնորոշեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` այսօր կայացած ՀՅԴ-ՌԱԿ համատեղ խորհրդաժողովի ժամանակ: Չնայած Հայաստանն ու Վրաստանը սահմանային հարեւաններ են, այնուհանդերձ, ժողովուրդը ժողովրդի հետ այսօր հարեւանություն չունի: «Փաստորեն, հայ եւ վրացի ժողովուրդներն այսօր այլեւս հարեւան չեն: Վերջին կապող օղակը, որտեղ հայերն ու վրացիներն ապրում են հարեւանությամբ, մնացել է միայն Ջավախքը, որը վրացիներն ու մենք պետք է աչքի լույսի պես պահենք: Սահմանի մնացած երկայնքով մեր միջեւ ապրում են ադրբեջանցիներ. ոչ մի տեղ հայ-վրացական բնակատեղիներն իրար կողքի չեն: Սա միտումնավոր կերպով ստեղծված ժապավեն է, որը եթե միացավ Թուրքիային, ապա մենք կդադարենք հարեւաններ լինելուց եւ կհայտնվենք կատարյալ շրջափակման մեջե,-ասաց նա: Վրաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը կասկածի տակ դնող չկա: Այս համատեքստում Վ. Հովհաննիսյանն անհասկանալի է համարում վրացական որոշ լրատվամիջոցների «պսեվդոագրեսիվությունըե, որով նրանք ցանկանում են Հայաստանը որպես Վրաստանի թշնամի ներկայացնել: «Մեր բարեկամները պետք է հասկանան, որ հարյուրամյակներ շարունակ Հարավային Կովկասում առաջացած ցանկացած վակուում լցվել է թուրքերով: Եթե որեւիցե տարածք ազատվի հույներից կամ հայերից, ապա վրացիները պետք է հասկանան, որ այն անմիջապես լցվելու է թուրքերով. նրանք կգան արեւելքից, թե արեւմուտքից, Ադրբեջանից, Թուրքիայից, թե Հյուսիսային Իրանից, միեւնույն է, հենց նրանք են պատմականորեն միշտ լցրել ցանկացած վակուումե,-ընդգծեց դաշնակցական գործիչը: Եվ հենց այդ թուրքական գործոնով է Վ. Հովհաննիսյանը պայմանավորում Վրաստանի այսօրվա այդքան ապակայուն ներքաղաքական իրավիճակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում