ՀՅԴ բյուրոն եւ ՌԱԿ կենտրոնական վարչությունը համատեղ հայտարարություն են ընդունել
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր անցկացված ՀՅ դաշնակցություն եւ Ռամկավար ազատական կուսակցությունների միջկուսակցական համաժողովի ավարտին ՀՅԴ բյուրոն եւ ՌԱԿ կենտրոնական վարչությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ազգային ավանդական կուսակցությունները պատրաստակամություն են հայտնել խթանելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հզորացման համազգային ջանքերը եւ այդ նպատակին հասնելու համար ապահովել համայն հայության ներուժի արդյունավետ օգտագործումը։ Կուսակցությունները հետեւողականորեն շարունակելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնց նպատակն է պարտադրել Ցեղասպանության պատասխանատու Թուրքիայի Հանրապետությանը ճանաչելու հայության իրավունքները։ «Համադրված ջանքերով միջազգային հանրության շրջանում պետք է բարձրացնել 1920 թվականի օգոստոս 10-ի Սեւրի դաշնագրով միջազգային ճանաչում գտած հայկական իրավունքները, որոնց իրավաժառանգորդն է համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետությունըե,-ասված է հայտարարության մեջ։ Քաղաքական ուժերը շարունակելու են բարձրացնել Սփյուռքի կարողությունը` իր առջեւ ծառացած նոր մարտահրավերներին դիմագրավելու նպատակով. այս ուղղությամբ հատկապես կարեւորվել է Լիբանանի հայության անվտանգության եւ քաղաքական ինքնուրույնության պահպանումը։ Արցախի հզորացումը մշտապես մնալու է համազգային առաջնահերթ խնդիր: ՀՅԴ եւ ՌԱԿ-ը նպաստելու են ԼՂ հիմնահարցի իրավական կարգավորման ջանքերին։ «Համակարգված աշխատանքով պետք է շարունակել Ադրբեջանի հակահայ քաղաքականության ու ոճիրների բացահայտումը։ Պաշտպանել Ջավախքի հայության քաղաքական ու մարդկային իրավունքները, եւ նպաստել նրա սոցիալ-տնտեսական, մշակութային, հոգեւոր խնդիրների լուծմանը, աջակցել Ջավախքի հայության՝ Վրաստանի կազմում ինքնավարության ձեռքբերման օրինական պահանջներինե,-ասված է հայտարարությունում։ ՀՅ դաշնակցությունն ու Ռամկավար ազատական կուսակցությունները փորձելու են համատեղ ջանքերով զարգացնել հայության բոլոր հատվածների միջեւ միասնականությունն ու համերաշխությունը, հատկապես՝ համազգային խնդիրների լուծման հարցերում: Միջկուսակցական համաժողովը որոշել է նաեւ ստեղծել կուսակցությունների ղեկավարների խորհուրդ, որը կհամակարգի միջկուսակցական համագործակցությունը վերոնշյալ առաջնահերթություններով։