Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում իրականացվող գյուղական զարգացման ծրագրի պատասխանատուները ծրագրի ընթացքին ծանոթանացան անձամբ
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում իրականացվող գյուղական զարգացման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր Լուսաձոր այցելեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասինելլին եւ «Հայաստանե համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը: Հանդիպումը նշանավորվեց հյուրերի եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ու Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանի կողմից համատեղ իրականացված ծառատունկով: Հանդիպմանը ներկայացվեցին եռամյա ծրագրի շրջանակներում արդեն կատարված եւ կատարվելիք աշխատանքները, որոնց հաջորդականությունը որոշվել է գյուղի ղեկավարության եւ բնակչության կողմից` ըստ հրատապության: Այն իրականացվում է Գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներգրավված են Իջեւանի 6` Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Ազատամուտ, Դիտավան եւ Խաշթառակ գյուղերը: Լուսաձորի ծրագիրն իրականացվում է Իտալիայի կառավարության եւ ՄԱԶԾ-ի համաýինանսավորմամբ` համապատասխանաբար 500 հազար եւ 34 հազար եվրոյի շրջանակներում: Ծրագրի սկզբից` այս տարվա մայիս ամսից մինչ օրս, այստեղ արդեն իսկ հարթեցվել են դաշտամիջյան ճանապարհները, գյուղացիներին տրամադրված սերմերով իրականացվել է առվույտի ցանք, 8.7 հեկտար տարածության վրա 17 տոննա բարձր որակի սերմացուով ցանվել է աշնանացան ցորեն, եւս 10 հեկտարի վրա այգիներ են հիմնվել: Հողատարածքների մշակումը վերականգնելու համար Լուսաձորի 150 տնտեսությունների հատկացվել է դիզելային վառելանյութ եւ պարարտանյութ: Արդյունքում նաեւ գյուղացիների զբաղվածությունն է ապահովվել: Գյուղի հիմնական հարցերը, սակայն, այն է` գազիýիկացման, ինքնահոս ոռոգման եւ շուրջօրյա խմելու ջրի ապահովման աշխատանքները դեռ լուծման փուլում են: Մարզպետի եւ գյուղապետի հավաստմամբ` արդեն մինչեւ այս ամսվա վերջ շուրջ 700 բնակիչ ունեցող գյուղի 4.8 կմ երկարությամբ ներհամայնքային գազի ցանցն ամբողջությամբ կառուցված կլինի: Ավարտվել են նաեւ ջրագծերի նախագծային աշխատանքները, ցանցերի կառուցման աշխատանքները եւս շուտով կյանքի կկոչվեն: Վերջինիս արդյունքում ակնկալվում է, որ գյուղի 40-50 հեկտար մշակովի տարածքները կունենան ինքնահոս ոռոգում եւ կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում: Ծրագրի շրջանակներում գյուղացիներին կտրամադրվի նաեւ գյուղտեխնիկա, նոյեմբերին` նաեւ արքայանարնջի տնկիներ, որոնք այստեղ բարձր բերքատվություն են ունենում: Ծրագրում ընդգրկված գյուղերից մեկում կբացվի կաթի մթերման կետ, ինչը կարեւոր է բոլոր գյուղերի համար: Կարեւորելով իր առաջին այցն այս գյուղ` Կ. Վիդալը գոհունակություն հայտնեց, որ գյուղի բնակչությունը ծրագրին այդքան սրտացավ մոտեցում է ցուցաբերում եւ դրական գնահատեց աշխատանքների ընթացքը: Դեսպան Մ. Կասինելլին, ով այստեղ էր իր տիկնոջ հետ, եւս ուրախությամբ անդրադարձավ ծրագրի` այստեղ ունեցած հաջողությանը: Նա եւ նրա տիկինը խոսեցին Հայաստանի, մասնավորապես, Լուսաձորի մասին իրենց տպավորություններից. հայերն, ըստ նրանց, սրտաբաց են եւ հյուրասեր, բնությունն ու եղանակը` հիանալի: Գյուղապետ Ս. Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ այստեղ առկա այլ խնդիրների. գյուղը, որը պետական սահմանից հեռու է ընդամենը 10.5 կմ, ընդհանրապես չունի մշակույթի տուն, գործում է միայն գրադարանը, որտեղ պահվում է շուրջ 1000 կտոր գիրք: Նախատեսվում է նոր բարեկարգված դպրոցի մի մասը դարձնել մանկապարտեզ, որը եւս այստեղ գոյություն չունի: Ի դեպ դպրոց հաճախում է մոտ 80 երեխա: Ծրագրի շրջանակներում, ըստ նրա, կընդգրկվեն նաեւ այս հարցերը: