Հասարակական

Ստորագրվեց գենդերային հավասարության եւ երկրում կանանց դերի բարձրացման խրախուսմանն ուղղված համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում այսօր ստորագրվեց գենդերային հավասարության եւ երկրում կանանց դերի բարձրացման խրախուսմանն ուղղված համաձայնագիր: Այն ստորագրեցին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելա Վիդալը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գյուլնարա Հովհաննիսյանը: Նշենք, որ ազգային ինստիտուտը կառավարության կողմից պատասխանատու է գենդերային եւ մարդու իրավունքների հարցերի շուրջ քաղաքականության մշակման, հետազոտությունների եւ դասընթացների իրականացման գործում: Ինչպես նշեց Կ. Վիդալը, համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն է ստեղծվում հանրապետությունում անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարել, որն էլ կնպաստի համապատասխան քաղաքականության մշակմանը: Համագործակցելով ՄԱԶԾ-ի հետ` ազգային ինստիտուտը կիրականացնի հետազոտություններ եւ ուսուցողական դասընթացներ քաղաքացիական ծառայողների համար գենդերային խնդիրների, քաղաքականության մեջ կանանց մասնակցության իրավական հիմքերի վերաբերյալ: Ազգային ինստիտուտի տնօրեն Գ. Հովհաննիսյանն իր խոսքում կարեւորեց այս նախաձեռնության անհրաժեշտությունը մեր հասարակության համար եւ նշեց, որ այն շարունակությունն է մի ծրագրի, որը սկսվել է դեռեւս 2004թ-ին Շվեդիայի կառավարության միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ: «Հնարավորություն ունենք գենդերային բաղադրիչը ներառել ինչպես քաղծառայողի ծրագրում, այնպես էլ բուհական համակարգում: Մենք գիտաժողովների, տարբեր միջոցառումների միջոցով կներկայացնենք, թե ինչ է արվում այդ ուղղությամբ եւ կաջակցենք գենդերային հավասարության օրենքի մշակմանըե,- ավելացրեց Գ. Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում