Հասարակական

ԳԱԱ գիտական նիստ` նվիրված մեծանուն մաթեմատիկոս Ա. Շահինյանի 100-ամյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն գիտնական Արատաշես Շահինյանը հսկայական ավանդ ունի Հայաստանում մաթեմատիկական գիտության եւ բարձրագույն կրթության զարգացման մեջ: Այսօր Հայաստանում մաթեմատիկական գիտական դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Ա. Շահինյանի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ ԳԱ ակադեմիայում կազմակերպված նիստում անդրադառնալով գիտնականի անցած ուղուն` ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ երկրում այդ գիտությունը սկսեց զարգացում ապրել հատկապես Ա.Շահինյանի ակտիվ գործունեության շնորհիվ. նա հիմնադրեց գիտական դպրոց եւ ունեցավ բազմաթիվ հետեւորդներ: Ա.Շահինյանը գիտական կենտրոններ է հիմնադրել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության տարբեր տարածաշրջաններում: Մեծ գիտնականը հիմնադիրն է ԳԱԱ մաթեմատիկայի եւ մեխանիկայի սեկտորի, որի հիման վրա հետագայում ձեւավորվել է Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտը (որի առաջին տնօրենն է դարձել նա): Ա.Շահինյանի նախաձեռնությամբ ինստիտուտի լաբորատորիայում հիմք է դրվել նաեւ կիրառական մաթեմատիկայի եւ հաշվիչ մեքենաների ստեղծման գործընթացին, իսկ հետագայում այդ լաբորատորիայի հենքի վրա ստեղծվել են ակադեմիայի ու համալսարանի հաշվիչ կենտրոնը եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյան ինստիտուտը): Նիստում ներկայացվեց նաեւ Շահինյանի որդու` ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Շահինյանի «Ակադեմիկոս Արտաշես Շահինյան. հայրենասերը, ուսուցչապետը, գիտնականըե գիրքը: Այստեղ ներառված են հուշագրություններ, նամակներ եւ հրապարակախոսական ելույթներ` նվիրված ակադեմիկոսի կյանքին ու գործունեությանը: «Գրքի հրատարակման նպատակն է ներկայացնել մեզանում մեծ զարգացման հասած գիտական ուղղություններից մեկի` ժամանակակից մաթեմատիկայի արմատավորման պատմությունը եւ անհատի դերն այդ գործընթացումե,- ասաց Ա. Շահինյան: Ակադեմիկոսի արխիվում պահված հանրահայտ գիտնականներ Մ.Կելդիշի, Վ.Սմիռնովի, Ն.Մուսխելիշվիլիի, նաեւ հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի ներկայացուցիչների` Ս.Մերգելյանի, Մ.Ջրբաշյանի, Ռ.Ալեքսանդրյանի նամակների հիման վրա, նրա խոսքով, հնարավոր է եղել կազմել բովանդակալից պատմություն Ա.Շահինյանի գիտական կապերի եւ գործունեության մասին: Գրքում զետեղված են նաեւ Շահինյանի հրապարակախոսական ելույթները, նամակագրությունն ականավոր մտավորականների, մասնավորապես` Ավ, Իսահակյանի, Մ.Սարյանի, Խ.Դաշտենցի, Պ.Սեւակի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում