Հնդկաստանի խորհրդարանում հայ-հնդկական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի միջխորհրդարանական կապերի զարգացմանը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան ավարտվել է դեկտեմբերի 16-ին: Սա հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ Հայաստանի խորհրդարանի նախագահի առաջին այցն էր Հնդկաստան: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի երկու պալատների նախագահների, ընդդիմության ղեկավարի, ԱԳ նախարարի, Դելի քաղաքի գլխավոր նախարարի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ: ՀՀ ԱԺ նախագահը հնդկական կողմին շնորհակալություն է հայտնել Հայաստանին տրամադրած 300 տրակտորների համար: Բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Ընդգծվել են այն ոլորտները, որտեղ կարելի է ծավալել արդյունավետ համագործակցություն. փոքր եւ միջին ձեռնարկատիրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, կրթություն, գիտություն, մշակույթ, առեւտրատնտեսական կապերի ընդլայնում: Գոհունակությամբ է նշվել միջազգային կազմակերպություններում գերազանց համագործակցության փաստը, ինչպես նաեւ կարեւորվել է 2007 թ. սկզբին Դելիում կայանալիք հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Ընդգծվել է երկու կողմերի հավասարակշռված մոտեցումն ու լիարժեք ընկալումը այնպիսի նուրբ հարցերում, ինչպիսիք են ԼՂ եւ Ջամմու եւ Քաշմիրի խնդիրները: Նշվել է համագործակցության կարեւորությունը ահաբեկչության դեմ պայքարում: Հույս է հայտնվել, որ Հնդկաստանի խորհրդարանում հայ-հնդկական բարեկամության խմբի ստեղծումը էլ ավելի կնպաստի միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Դեկտեմբերի 15-ին ՀՀ դեսպանության շենքում կազմակերպված ընդունելության ժամանակ դեսպան Ա. Քոչարյանն իր ողջույնի խոսքում կարեւորել է հայ-հնդկական հարաբերությունների վերընթաց զարգացումը եւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հնդկաստան: Ընդունելությանը մասնակցել են Հնդկաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդրարանի անդամներ, Դելիում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, Կալկաթայի հայ եկեղեցական խորհրդի անդամներ, հյուրեր Կիպրոսից եւ Հայաստանից: