Հասարակական

ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին, որոնք հանրապետություն են ժամանել երկօրյա այցով: Ինչպես հաղորդել է ԼՂՀ-ի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարների, տարածաշրջանային նախագծերում Լեռնային Ղարաբաղի ներգրավման հետ կապված հարցերը: Աշոտ Ղուլյանը հանդես է եկել բանակցությունների վերսկսման դեպքում դրանց ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցության օգտին, ընդգծելով, որ դա բխում է բանակցային գործընթացի տրամաբանությունից: Ներկայացնելով Լեռնային ղարաբաղի դիրքորոշումը՝ նախարարը հայտարարել է, որ ԼՂՀ-ն այսուհետ էլ ձգտելու է հասնել իր փաստական անկախության միջազգային ճանաչման: Աշոտ Ղուլյանը Հեյկի Տալվիտիեի ուշադրությունը դարձրել է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նոր նախագահի՝ իշխանության գլուխ գալուց հետո Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ կապերն ընդհատվել են նույնիսկ ոչ կառավարական մակարդակով, ինչը, նախարարի կարծիքով, ոչ մի կերպ չի նպաստում վստահության մթնոլորտի ստեղծմանը եւ հիմնախնդրի փոխընդունելի լուծում գտնելուն: Իր կողմից Տալվիտիեն ընդգծել է Եվրամիության շահագրգռությունը ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման եւ տարածաշրջանում կայունության հաստատման գործում: Նա ասել է, որ Եվրամիությունը մտադիր է, չփոխարինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, ակտիվորեն օժանդակել հակամարտության կարգավորմանը: Նշելով, որ այսօր Հարավային Կովկասը գտնվում է եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում, հատուկ ներկայացուցիչը ասել է, թե համակարծիք է Աշոտ Ղուլյանի հետ այն հարցում, որ Եվրամիությունը պետք է շահագրգռված լինի ամբողջ տարածաշրջանի հավասարաչափ զարգացմամբ: Նշենք, որ չորեքշաբթի օրը կայացել է Հեյկի Տալվիտիեի եւ նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը ԼՂՀ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում