Հասարակական

Ըստ Վ.Օսկանյանի, ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն կարող են համագործակցել ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ թմրաբիզնեսի դեմ պայքարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարող են համագործակցություն ծավալել տարածաշրջանում ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ թմրաբիզնեսի դեմ պայքարում: Այս կարծիկը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում`վստահեցնելով, որ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի տարածաշրջանային հետաքրքությունների առումով հակասություններ չի տեսնում: Ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ իրադրություն կստեղծվի, եթե Ադրբեջանը եւ Վրաստանն անդամակցեն ՆԱՏՕ-ին, նա հավաստեց, որ Ստամբուլի գագաթնաժողովում չի քննարկվել Հյուսիսատլանտյան դաշինքին Հարավային Կովկասի պետությունների որեւէ մեկի անդամակցության խնդիրը: Ըստ նրա, ներկայումս դեռեւս արծարծվում է Բալկանյան որոշ պետությունների անդամակցության հարցը: Նախարարը տեղեկացրեց, որ Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ ունեցած չպլանավորված կարճատեւ հանդիպման արդյունքում վերահաստատվել է իր այն տպավորությունը, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ արձանագրելու ցանկություն ունի: Վ.Օսկանյանը նկատեց, որ թուրքական նախորդ իշխանությունների համեմատ, այս իշխանությունների այդ ցանկությունն ավելի անկեղծ է: «Այս իշխանությունները կարող են, ցանկություն ունեն հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ արձանագրել, ուղղակի դեռեւս քաղաքական պահը չի հասունացելե,- ընդգծեց նախարարը: Անդրադառնալով Պրահայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, նա հայտնեց, որ իրենց խնդիրն է եղել երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներին տեղյակ պահել այդ հանդիպման մասին, բացի այդ, փոխանցել դրա ժամանակ արված կոչը՝ շփման գծում ծագած խնդիրն իրար մեջ կարգավորելու վերաբերյալ: Ամփոփելով Վաշինգտոն, Պրահա, Ստրասբուրգ եւ Ստամբուլ կատարած այցերի արդյունքները, ԱԳ նախարարը նշեց, որ բոլոր հանդիպումների ընթացքում էլ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդրին, եվրաինտեգրման գործընթացներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում