Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բազմամյա միջինից բարձր կլինի 1-2 աստիճանով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բազմամյա միջինից բարձր կլինի 1-2 աստիճանով, որը Շիրակում, Լոռիում կտատանվի +19 +20, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռներում` +26 +27, Տավուշում` +23 +24, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում ` +18 +20, Վայոց Ձորում եւ Սյունիքում +25 +26 աստիճանի սահմաններում: Հայաստանի հիդրոօդերեւութաբանության և մոնիտորիգի պետական ծառայության տվյալներով, ամսվա առաջին տասնօրյակում սպասվում է ջերմաստիճանի 2-3 աստիճանով նվազում, որն Արարատյան դաշտում գիշերը կտատանվի` +16 +21, Լոռիում եւ Տավուշում` +15 +20, իսկ լեռնային շրջաններում` +11 +16, Վայոց Ձորում եւ Սյունիքում` +16 +20 աստիճանի սահմաններում: Առանձին օրերին հնարավոր ջերմաստիճանի բարձրացումը ցերեկը Արարատյան դաշտում կհասնի մինչեւ +34 +39-ի, իսկ մյուս մարզերում` +30 +35-ի: (Նշենք, որ անցած տարվա նույն ամսվա առանձին օրերի սնդիկի սյունը Արարատյան դաշտում «խախտեցե նույնիսկ 40 աստիճանի նիշը): Ամսվա ընթացքում հանրապետությունում սպասվող տեղումների քանակը կլինի բազմամյա միջինի արժեքին մոտ եւ նորմայի սահմաններում: Դրանց առավելագույն քանակը կդիտվի Արարատում, Արմավիրում, Լոռիում եւ Արագածոտնի նախալեռներում, իսկ Շիրակում, Տավուշում, Վայոց Ձորում եւ Սյունիքում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Հուլիսին Երեւանում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +26 +27 (նորման +25): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 14 մմ):