Ըստ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է կողմերի միջեւ վստահության մթնոլորտի հաստատման դեպքում
3 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ստեփանակերտում կայացել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղ նրա երկօրյա այցի արդյունքներին: Տալվիտիեն նշել է իր այցի նշանակությունը տեղում իրադրությանը եւ դրա զարգացման հեռանկարներին ծանոթանալու առումով: Նա ընդգծել է Եվրամիության շահագրգռությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում եւ քաղաքական կարգավորման գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: «Ես պատրանքներ չունեմ հիմնախնդրի շուտափույթ լուծման վերաբերյալ, սակայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակվում է, եւ հույս կա, որ կարգավորման հնարավորություններ կբացվեն: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման համար նախեւառաջ անհրաժեշտ է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել կողմերի միջեւե,-ասել է Հեյկի Տալվիտիեն: Ընդսմին Եվրախորհրդարանի անդամն ընդգծել է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը մեծ նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար: Նշելով Հարավային Կովկասի նկատմամբ եվրոպական կառուցների աճող հետաքրքրությունը՝ հատուկ ներկայացուցիչը անհրաժեշտ է համարել հավասար հնարավորություններ տրամադրել տարածաշրջանի բոլոր պետություններին զարգացման հավասար: Պատասխանելով այն հարցին, թե Եվրամիությունը ինչ վերականգնողական ու տնտեսական ծրագրեր է մտադիր իրականացնել Լեռնային Ղարաբաղում՝ Հեյկի Տալվիտիեն ասել է, որ եվրոպական կառույցները շահագրգռված են տարածաշրջանի վերականգնման գործընթացով, սակայն նախագծերի իրականացումը ուղղակիորեն կապված է քաղաքական կարգավորման ոլորտի առաջընթացի հետ: Եվրախորհրդարանականը գոհունակությամբ նշել է Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության տարբեր ոլորտներում նկատելի առաջընթացը: Դա, ըստ նրա, համապատասխանում է ինչպես Եվրամիության, այնպես էլ հակամարտության կողմերի շահերին, որովհետեւ վկայում է տարածաշրջանի կայունության մասին: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ իր այցի ընթացքում Հեյկի Տալվիտիեն հանդիպումներ է ունեցել ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի, Ազգային ժողովի խոսնակ Օլեգ Եսայանի, վարչապետ Անուշավան Դանիելյանի, արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանի, ինչպես նաեւ Շուշիում եւ Լաչինում ապրող գաղթականների հետ: