Հասարակական

Ըստ Հ.Հովհաննիսյանի, ԼՂ հիմնախնդրի լուծումը

2 րոպեի ընթերցում

պետք է տեսնել իրավական հարթության մեջ ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը պետք է տեսնել ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթության մեջ: Նման կարծիք հայտնեց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` նշելով, որ ինքն այդ առումով համակարծիք է ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթի հետ: Նրա համոզմամբ, արխիվային փաստաթղթերի վերլուծությունը եւս ցույց է տալիս, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել: Հ.Հովհաննիսյանը նշեց, որ, ամրագրելով վերոնշյալ իրողությունը, անհրաժեշտ է անհապաղ առաջարկել ԼՂ հակամարտության լուծման որեւէ տարբերակ` դրանով թեթեւացնելով նաեւ սերունդների բեռը: Ի պատասխան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Եվրամիության կամ Եվրոպայի խորհրդի ընդգրկման մասին հարցին` Հ.Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում եւս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում միջնորդությունը կկատարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթին` նա նկատեց, որ այն կրել է իրադարձային բնույթ, բացի այդ, Հայաստանի նման փոքր պետությունների ղեկավարները միջազգային ատյաններում պետք է ավելի հաճախ հանդես գան այդ կարգի կոնցեպտուալ բնույթի ելույթներով: Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին, Հ.Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում