Հասարակական

Եվրոատլանտյան գործընկերութան առաջնայնությունները տեղափոխվում են Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Վ. Օսկանյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն այսօր մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպմանը: ՀՀ ԱԳն մամուլի և տեղեկատվության վարչության գնահատմամբ, գագաթաժողովը շրջադարձային նշանակություն ունեցավ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի և Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա զարգացման և կատարելագործման, ինչպես նաև Միջերկրական և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի պետությունների հետ համագործակցության խորացման առումով: Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի հանդիպման ընթացքում ընդունված փաստաթղթերը սահմանում են գործընկեր պետությունների հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ի քաղաքականության նոր առաջնայնությունները և համագործակցության սկզբունքներն ու նպատակները: Նախկինում ՆԱՏՕ-ի առաջնայնությունների շարքում էին Բալկանները եւ անդամակցության թեկնածու հանդիսացող Կենտրոնական և Արեւելյան Եւրոպայի պետությունները: Համաձայն հանդիպմանն ընդունված «Եվրոատլանտյան գործընկերություն. Վերանայում և վերագնահատումե անվանումը կրող փաստաթղթի, այդ առաջնայնությունները տեղափոխվում են Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա: Այսուհետ մեր տարածաշրջանը գտնվելու է ՆԱՏՕ-ի և նրա անդամ պետությունների ուշադրության կիզակետում: Որպես այդ հարաբերությունների հիմնական նպատակներ են հռչակվում ՆԱՏՕ-ի և Հարավային Կովկասի պետությունների միջև քաղաքական ու անվտանգության վերաբերյալ հարցերի շուրջ երկխոսության և համագործակցության ծավալումը, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների օրինակով տարածաշրջանի երկրների պաշտպանական համակարգերի բարենորոգումը, ինչպես նաև նրանց մասնակցությունն ու ներդրումը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններին: Հանդիպման ժամանակ ելույթով հանդես եկավ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Շնորհավորելով Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի տասնհինգ ամյակի առթիվ նախարարը նշեց, որ դա ճիշտ և լավ մտածված նախաձեռնություն էր: Նա ընդգծեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության այն ոլորտները, որոնցից են՝ քաղաքական երկխոսությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ ուժերի մասնակցությունը, Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին մասնակցությունը, ինչպես նաև 2003 թվականին Հայաստանում անցկացված «Համատեղ լավագույն ջանքե զորավարժության կազմակերպումը: Վ.Օսկանյանը նաեւ հույս հայտնեց, որ ՆԱՏՕ-ի այսօրվա որոշումը նոր պարտավորություններ կդնի Հարավային Կովկասի պետություններին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիր Թուրքիայի առջեւ, որը իր դրական եւ հավասար ներգրավվածությամբ կկարողանա արդյունավետ դարձնել ՆԱՏՕ-ի այդ նախաձեռնությունը: Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաեւ գագաթաժողովում հնչած Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի անհիմն մեղադրանքներին, որոնք վերաբերում են փախստականների, «գրավյալ տարածքներիե, Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրներին, եւ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակն Ադրբեջանի իսկ ագրեսիայի հետեւանք է: Նախարարը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեկ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Նախարարը մի շարք հարցազրույցներ տվեց Թուրքիայի տարբեր հեռուստաալիքներին եւ թերթերին: Հայաստանի պատվիրակությունը Երեւան կվերադառնա այսօր ուշ երեկոյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում