Վերապատրաստվում են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Հանրապետության քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակներում Հայաստանում Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամն ու ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը վերապատրաստման դասընթացներ Է նախաձեռնել քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար: Ըստ հիմնադրամի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի, քրեակատարողական հիմնարկները ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանն անցնելուց հետո համակարգն առավել հումանիզացված դարձնելու, աշխատակիցների վերապատրաստման, կրթական մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտություն առաջ եկավ: Ծրագրի առաջին փուլում վերապատրաստվել է քրեակատարողական բոլոր հիմնարկների ավագ սպայական անձնակազմի ավելի քան 470 աշխատակից: Հատկապես ուշադրություն է հատկացվել կալանավորներին պահելու, նրանց հետ վարվելու կանոններին, մարդու իրավունքների պաշտպանության մասին իրազեկության բարձրացմանը: Դ. Ամիրյանի խոսքերով, առաջին փուլի արդյունավետությունն անհրաժեշտություն է առաջացրել աշխատելու համակարգի թիրախային խմբերի հետ: Երկրորդ փուլում աշխատանքներ են տարվել քրեակատարողական հիմնարկների անվտանգությունն ապահովող եւ սոցիալ-հոգեբանական ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ: ԵԱՀԿ-ի գրասենյակի օժանդակությամբ 10 աշխատակիցներ Խորվաթիայում մասնակցել են տասնօրյա դասընթացների: Դ. Ամիրյանի հավաստմամբ, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի եւ քրեակատարողական վարչության առաջադրած խնդիրներին համապատասխան առաջիկայում նախատեսվում է իրականացել եւս մեկ ծրագիր: