1 րոպեի ընթերցում
Կառավարությունը մաքսային արտոնություն է տրամադրել «ՎՍԴԱՏԱ» ընկերության՝ Արագածոտնի մարզում ժամանակակից տվյալների կենտրոն ստեղծելու ծրագրին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել 1,6 մլրդ դրամի կապիտալ ներդրում և ստեղծել շուրջ 200 սերվերային պահարանների տարողունակությամբ կենտրոն։ Այն սպասարկելու է տեղական ու միջազգային ընկերությունների սերվերների տեղակայման պահանջարկը։
Նախատեսվում է ստեղծել 18 աշխատատեղ՝ 374 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ընկերության կանխատեսմամբ՝ հաճախորդների շուրջ 30 տոկոսը կլինեն միջազգային կազմակերպություններ։
Արտոնության համար ներկայացված սարքավորումների արժեքը 298,6 մլն դրամ է, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 21,5 մլն դրամ։
Սարքավորումների մի մասը ներմուծվելու է «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ»-ի միջոցով։