1 րոպեի ընթերցում
Լոնդոնի ոստիկանությունը 893 կգ կոկաին է առգրավել կազմակերպված հանցավոր խմբի գործունության հետաքննության շրջանակներում, որը զբաղվել է երկիր թմրանյութերի մաքսանենգությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ըստ գերատեսչության տվյալների՝ թմրանյութերի խոշոր խմբաքանակը թաքցված է եղել նարնջի արկղերի մեջ։ Լոնդոնի Լեյթոնի շրջանի շուկայում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է 27-58 տարեկան վեց մարդ՝ թմրանյութերի փոխադրում իրականացնելու կասկածանքով։
Բացի այդ, ոստիկանությունը խուզարկություն է կատարել Լոնդոնի հյուսիսի Չեշանտ քաղաքում։ Գործողության ընթացքում ձերբակալվել է 48-ամյա մի տղամարդ, որին համարում են հանցագործության մասնակից։ Նրա մոտ հայտնաբերվել է 450 000 ֆունտ ստեռլինգ կանխիկ գումար (մոտ 587 000 դոլար):