«Հայաստան» խմբակցությունը մերժում է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկը

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ խմբակցությունը մերժում է նոր Սահմանադրության հանրաքվեին աջակցելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ վարչապետի հեռանալու առաջարկը չի փոխում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց գնահատականը։

Գրիգորյանը մտավախություն է հայտնել, որ վարչապետը հետագայում կարող է փոխել իր դիրքորոշումը՝ դա բացատրելով իրավիճակի փոփոխությամբ։

Խմբակցության ղեկավարը չի ընդունել նաև խաղաղության գործընթացին խոչընդոտելու վերաբերյալ ընդդիմության հասցեին իշխանության գնահատականները՝ համաձայնագրի չստորագրումը պայմանավորելով Ադրբեջանի դիրքորոշմամբ։

«Խաղաղության խոչընդոտը Հայաստանում չէ, Հայաստանից դուրս է, և Ադրբեջանն ու ադրբեջանական քաղաքականությունն են, որ խոչընդոտում են խաղաղությունը։ Հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ»,- հայտարարել է Գրիգորյանը։

Գրիգորյանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրության ընդունումը պահանջում է լայն հանրային համաձայնություն, մինչդեռ ներկայում հասարակությունը խիստ բևեռացված է։

Հարցին՝ վարչապետի առաջարկը որևէ խողովակով փոխանցվե՞լ է Ռոբերտ Քոչարյանին և Սամվել Կարապետյանին, Գրիգորյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ նման հաղորդակցություն չի եղել։ Նա Փաշինյանին առաջարկել է նախաձեռնությունը ներկայացնել նաև նրանց՝ կալանքի վայրում։

«Մեկուսարանի տեղը գիտի, ԱԱԾ-ի տեղը գիտի, թող գնա մի հատ էլ այնտեղ առաջարկը ներկայացնի։ Ես, իհարկե, առաջարկի պատասխանը հիմա հնչեցնում եմ, բայց եթե կարող է, թող գնա նաև այնտեղ հնչեցնի։ Մինչև այսօր, բնականաբար, որևէ նման կոմունիկացիա գոյություն չի ունեցել»,- ասել է խմբակցության ղեկավարը։

Արտահերթ ընտրությունների հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը նշել է, որ ընդդիմությունը քննարկում է տարբեր սցենարներ։  

«Հրաժարականից հետո երկու անգամ պետք է թեկնածուն չընտրվի, որպեսզի ցրվի խորհրդարանը և գնան արտահերթ ընտրությունների։ Դա ևս հնարավորություն է ստեղծում ընդդիմադիր ուժերի համար։ Այդ ժամանակահատվածում, այո՛, պետք է քննարկումներ տեղի ունենան և ճիշտ մտածված քայլեր ձեռնարկվեն»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին ընդդիմությանն առաջարկել էր ապահովել հանրաքվեի որոշման ընդունման համար անհրաժեշտ վեց ձայնը։ Նա հայտարարել էր, որ նախագծի մերժման դեպքում հրաժարական կտա պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, իսկ ընդունման դեպքում հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններին վարչապետի թեկնածու չի առաջադրվի։ Վարչապետը նշել էր, որ առաջարկը բաց է պահում։

Հայերեն