Հզոր երաժշտության տիրույթում. Գրիգորի Սոկոլովի հայտնությունը երևանյան բեմում

10 րոպեի ընթերցում

Ամենաբարձր նոտայով եզրափակվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն անցկացնում է Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Վառ հյուրախաղեր, հետաքրքիր ծրագրեր, արտասովոր հանդիպումներ: Սակայն փառատոնի ամենասենսացիոն իրադարձությունը դարձավ եզրափակիչ համերգը՝ ռուսական երաժշտական դպրոցի լեգենդ, Պ. Ի. Չայկովսկու անվան դաշնակահարների 3-րդ միջազգային մրցույթի Ոսկե մեդալակիր Գրիգորի Սոկոլովի պատմական ելույթը: Նա հանդես եկավ մենահամերգով, որը հավերժ ամրագրվեց Հայաստանի երաժշտական մշակույթի պատմության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգն անցկացվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո: Անվանի դաշնակահարի այս աննախադեպ ելույթը Հայաստանում կայացավ բժիշկ, հասարակական գործիչ, իրական հայրենասեր Վահան Վարդապետյանի անհավանական ջանքերի շնորհիվ, ինչի համար նրան երախտագետ են ոչ միայն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, այլև Երևանի ողջ երաժշտական հանրությունը: Չէ՞ որ հենց նման էնտուզիաստների շնորհիվ է հիմք դրվում մեր մայրաքաղաքը խոշոր երաժշտական կենտրոններից մեկը դարձնելու, համաշխարհային մշակութային քարտեզի վրա ընդգրկելու և նոր տաղանդների ի հայտ գալու համար պարարտ հող ստեղծելու գործին:

Համերգը պարուրված էր առանձնահատուկ տրամադրությամբ: Լեփ-լեցուն «Արամ Խաչատրյան» համերգասրահը (զբաղված էին շարքերի բոլոր միջանցքները և նույնիսկ բեմի՝ դաշնամուրից ազատ հատվածը) կարծես իր մեջ էր տեղավորել գրեթե ամբողջ քաղաքը՝ հուզված դեմքեր, որոնք համակված էին պահի հանդիսավորության ու բացառիկության գիտակցումով: Դժվար թե հարկ լինի բացատրել դահլիճում տիրող նման շիկացած մթնոլորտի պատճառը: Գրիգորի Սոկոլովն իր ստեղծագործական կյանքում կուտակում է կատարողական արվեստի բարդագույն որոնումները. նա մեր օրերի ամենավառ երաժիշտն է, միլիոնավոր ունկնդիրների կուռքն՝ աշխարհի շատ երկրներում:

Գրիգորի Սոկոլովի արտիստական սխրանքն աշխարհը հոգևոր դեգրադացիայից փրկելն է, որը միանգամայն անհամադրելի է նյութականի գոյության հետ: Ինչպես բոլոր ժամանակների մեծագույն արտիստները, նա անքակտելիորեն իշխում է իր ունկնդիրների վրա: Նրան բնորոշ են խորը ինքնավերլուծությունը, որոնումները, երկխոսությունն իր ներաշխարհի հետ, նմանը չունեցող մագնիսականության, խորության և ոճի զգացողության միահյուսումը: Նրա նվագի մեջ գլխավորը զգացողության թարմությունն է: Նա հակադրվում է այն ամենին, ինչը մարմնավորում է ժամանակակից դաշնամուրային արվեստի կարծրատիպերը, միօրինակությունն ու կանխատեսելիությունը: Ինչպես իրավացիորեն ասվել է, այս դաշնակահարի արվեստի արտահայտիչ գեղեցկությունն ու գրավիչ անկեղծությունը հասկանալու կենտրոնական տարրը տվյալ պահին ծնվող երաժշտության եզակիության մեջ է. «Նա ունկնդրին ներքաշում է երաժշտության հետ սերտ կապի մեջ՝ դուրս գալով մակերեսային… էֆեկտայնության շրջանակներից, որպեսզի բացահայտի դրա ավելի խորը հոգևոր իմաստը: Սոկոլովի արվեստը խարսխված է նրա եզակի անհատականության և անձնական տեսլականի ամուր հիմքի վրա» (Գ. Ցիպին):

Եվ ահա՝ Գրիգորի Սոկոլովի մենահամերգը: Ահա նա դանդաղ դուրս է գալիս բեմ, զուսպ գլուխ տալիս հանդիսատեսին և անմիջապես նստում դաշնամուրի առջև: Եվ նույն պահին դահլիճի հսկայական տարածությունը լցվում է Ֆրանց Շուբերտի թիվ 21 սի-բեմոլ մաժոր դաշնամուրային սոնատի հնչյուններով՝ կոմպոզիտորի՝ անմիջապես մահվանից առաջ գրված վերջին խոշոր ստեղծագործությամբ: Այն հաճախ չի հնչում համերգային բեմերում մասամբ այն պատճառով, որ կատարողների առջև դնում է առանձնահատուկ բարդ խնդիրներ: «Այս սոնատը կատարել այնպես, որ ունկնդրին կարողանաս հասցնել նրա ողջ գեղեցկությունը և միաժամանակ չկորցնես ‹‹թելը››, որի վրա ամրակցված է ողջ սեղծագործության ‹‹ֆորման››, խնդիր է, որի լուծումը կարող են տալ միայն բարձրագույն կարգի երաժիշտները»: Այնպիսինն, ինչպիսին Գ. Սոկոլովն է: 

Դաշնամուրի առջև նրան լսելն ու դիտելը հազվագյուտ հաճույք է: Դաշնակահարի՝ ստեղներին ամեն մի հպման մեջ զգացվում է ինչ-որ հուզիչ մանկականություն: Շուբերտի կողմից մի ժամանակ ստեղծված հնչյունները հնչում են կաթիլի պես՝ պարզ, թափանցիկ, ներթափանցող ու անմիջական: Ճիշտ Լ. Տոլստոյի խոսքերով, որը մի առիթով ասել էր. «պարզությունը գեղեցիկի անհրաժեշտ պայմանն է»:

Բոլոր ունկնդիրները վերածվել էին լսողության և գերված էին նվագի կատարելությամբ: Դահլիճի ողջ մթնոլորտը հագեցած էր դաշնակահարի ներկայությամբ ու հզոր էներգիայով: Ազդեցիկ, կախարդող կատարողական արվեստ, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ պատճառաբանված է, ամեն ինչ մտածված է և տրամաբանական: Իսկ ինչպիսի՞ն է արդյունքը: Այստեղ, անվերապահորեն, շահողը երաժշտությունն է: Անհասկանալի է, թե ինչպես է նա կարողանում սովորական գործիքից կորզել հնչյուններ, որոնք դուրս են ֆիզիկական չափման և ընկալման սահմաններից:

Խոստովանեմ՝ նման մեծության դաշնակահարի մասին գրելը շատ բարդ է: Բոլոր բառերը թվում են սովորական, որոնք ի զորու չեն արտահայտել երևույթի էությունը: Իսկ էությունը պարզ է. Սոկոլովը հանճար է, իսկ հանճարի նկատմամբ սովորական չափանիշները կիրառելի չեն: Մեր կարծիքով՝ շատ հազվադեպ են այն դաշնակահարները, որոնց ունկնդրում են այդքան գերված: Բարձրագույն արտիստիզմ, ռուսական կատարողական դպրոցին հատուկ բացառիկ հոգևոր նրբազգացություն: Մեր առջև բացվում է հուզական մի աշխարհ՝ լի փիլիսոփայական խորությամբ ու նշանակությամբ, աշխարհ, որն աչքի է ընկնում զարմանալի պատկերային հարստությամբ, խորը ողբերգականությամբ՝ լի ոգեշնչող քնարական դրվագներով: Նրա նվագում դրամատիզմի անսպասելի բռնկումները  հաջորդում են կենտրոնացված մտորումների պահերին, վշտագին դրվագները զարմանալիորեն հակադրվում են անամպ, կենսուրախ պատկերներին: Լսելով դաշնակահարին՝ մոռանում ես, որ գոյություն ունի աղետներով լի ժամանակակից աշխարհը, կա համացանց, բջջային կապ, սոցիալական ցանցեր: Բայց հիշում ես, որ կա գեղեցկություն և երաժշտություն, և դրանք անպարտելի են: Տիրաբար իշխելով մեր մտքերին ու սրտերին՝ արտիստը հիպնոսացնող ուժով մեզ ներշնչում է իր հզոր գաղափարները՝ ստիպելով համերգից դեռ երկար ժամանակ անց վերապրել լսածը: 

Խորություն, պարզություն, համարձակություն, գույների վառ ներկապնակ և հազվագյուտ սրտաբուխություն՝ ահա թե ինչով առանձնացավ Գրիգորի Սոկոլովի մեկնաբանությունը համերգի երկրորդ բաժնում՝ Յոհաննես Բրամսի ֆա մինոր 3-րդ սոնատի կատարման ժամանակ: Ի տարբերություն կոմպոզիտորի մյուս երկու սոնատների՝ սա առավել մասշտաբային է ձևով և հարուստ՝ պատկերային բովանդակությամբ: Երրորդ սոնատը հաստատուն տեղ է զբաղեցրել անցյալի և մեր ժամանակների դաշնակահարների երկացանկում: Այս ստեղծագործությունը կատարելիս դաշնակահարն, ինչպես միշտ, գտնվում էր կոմպոզիտորի հետ հազվագյուտ միասնության մեջ, ազատ ու անկաշկանդ վայելում էր ստեղծագործությունը՝ ունկնդիրներին պարգևելով հավերժության ու անսահմանության զգացումներ:

Գրիգորի Սոկոլովը խորհրդածում է գործիքի առջև. այն մղում է նրան փիլիսոփայականության և նուրբ զգացողությունների: Ամեն տակտի հետ դահլիճում կրկին կենդանանում ու ամրապնդվում է հավերժական արժեքների շուրջ միասնականության ջերմ զգացումը: Դաշնակահարի արվեստը մի այնպիսի հզոր ուժ ունի, որն ունակ է ոչ միայն դիպչել մարդկային հոգու ամենանուրբ լարերին և թափանցել գիտակցության խորքերը, այլև էական ազդեցություն ունենալ իր ժամանակակիցների մտածողության, երաժշտության բուն էության ըմբռնման և նույնիսկ աշխարհընկալման վրա: 

Եվ ևս մեկ բան: Սոկոլովի նվագը ոչ մի ընդհանուր բան չունի բուռն, քաղցրավուն սենտիմենտալության, արհեստական դադարների հետ, որոնց նպատակն ապրումների ցուցադրությունն է: Գ. Սոկոլովն ունի մեղեդու արտահայտչականությունը ճիշտ բացահայտելու իր ուրույն եղանակը, ընդ որում՝ արտահայտչականություն, որը վերահսկվում է ոգով: Նրա հույզերի գունապնակը փայլում է նոր, թարմ, կտրուկ հակադրվող գույներով: Դա միշտ անսպասելի է և գերող: 

Գրեթե մի ամբողջ բաժին տևեցին նաև դաշնակահարի ‹‹բիս››-երը, այստեղ նա բավական առատաձեռն էր: Ունկնդիրները չէին ցանկանում երաժշտին բաց թողնել բեմից: Այս համերգը հնարավորություն տվեց թափանցել մի լարված, իրականությունը փոխող առանձնահատուկ հոգևոր մթնոլորտ, ընտելանալ զգացմունքների խտացված համակարգին, վայելել բարձունքի բերկրանքը: 

Մարեցին վերջին ծափահարությունները, սակայն հիշողության մեջ դեռ երկար առկայծում են հոգևոր-հոգեբանական ճառագայթների լույսերը, բանաստեղծական մաքրության մեջ մերկացված գաղափարը, Համերգի բյուրեղացած բովանդակությունը:

Նատալյա Գոմցյան 

Հայերեն