1 րոպեի ընթերցում
Պորտուգալիայի Գուարդա շրջանի համայնքներից մեկում գործի է դրվել արտակարգ իրավիճակների պլան, երբ սողանքը վնասել է շենքեր և երկու մարդու զրկել կացարանից։ Տարրական դպրոցներն ու մանկապարտեզները ժամանակավորապես փակվել են։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Հորդառատ անձրևների հետևանքով Պենյաշ-Դուրադաշ հանգստավայրի հետ կապող միջպետական մայրուղու վրա տեղի ունեցած սողանքը փոխել է ջրահոսքի ուղղությունը, ինչի արդյունքում Գուարդա շրջանում ջրի տակ են անցել մի քանի բնակելի տներ։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության 120 աշխատակիցներ։ Իրավիճակը կարգավորելու համար գործի է դրվել ընդհանուր առմամբ 42 միավոր տեխնիկա։ Փրկարարական խմբերն ու քաղաքային ծառայությունները օգնություն են ցուցաբերում տուժած բնակիչներին և զբաղվում ջրհեղեղի ու սողանքների հետևանքների վերացմամբ։
Փողոցները ջրի տակ են անցել, վնասվել են մի քանի տներ, իսկ մի շարք ճանապարհներին երթևեկությունը դադարեցված է։ Ըստ ստացված տեղեկությունների՝ որոշ տրանսպորտային միջոցներ ամբողջությամբ մնացել են ջրի տակ։