2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունը

1 րոպեի ընթերցում

2027 թվականին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների համար մսուրային ծառայությունը՝ ընդլայնելով վաղ մանկության ծառայությունների հասանելիությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առաջին անգամ պետության ֆինանսավորմամբ համայնքային մանկապարտեզներում բացվել են մսուրային ծառայություններ մեկ տարեկանների համար։ 2027-ին կմեկնարկենք արդեն վեց ամսականների մսուրային ծառայությունը»,- հայտարարել է Անդրեասյանը։

Նա ներկայացրել է նաև նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության ցուցանիշները։

«2025 թվականին նախադպրոցական կրթության համակարգում 3-5  տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81 տոկոս, որը 2021 թվականի 64,3 տոկոս ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 17 տոկոսային կետով։

2026-ի ավարտին, ամփոփելով 500 մանկապարտեզների ծրագիրը, կարձանագրենք նաև Կառավարության նախորդ ծրագրով սահմանված 85 տոկոս ցուցանիշի իրականացումը»,- ասել է նախարարը։

Հայերեն