ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները բարձրաձայնել են Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել են «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» խորագրով համաեվրոպական կոնֆերանսի շրջանակում կազմակերպված պանելային քննարկումներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քննարկումների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա համակարգային խնդիրներին, այդ թվում՝ հասարակության մեջ առկա կարծրատիպերին ու խտրական վերաբերմունքին, համայնքային ծառայությունների բացակայությանը, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների խախտումներին։

Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, ինչպես նաև դրանց հիման վրա հրապարակված երկու արտահերթ զեկույցների ազդեցությունն օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես՝ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի ընդունման և կատարելագործման գործընթացների վրա։ Միևնույն ժամանակ, մատնանշվել են գործնականում դեռևս չլուծված խնդիրները՝ կապված ոչ հոժարակամ բուժման, անգործունակության ճանաչման և զսպման միջոցների կիրառման հետ։

Անդրադարձ է կատարվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական և սոցիալական կարիքների համակողմանի հաշվառման, նրանց արժանապատվության հարգման և իրենց բուժման ու խնամքի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցության ապահովման անհրաժեշտությանը։ Կարևորվել են նաև անհատական վերականգնողական ծրագրերի մշակումը, զբաղվածության և աշխատանքային թերապիայի կազմակերպումը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ հանրային խարանի և ատելության խոսքի կանխարգելումը։

Առանձնահատուկ կերպով ընդգծվել է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։

Միաժամանակ, ընդգծվել է, որ հոգեկան առողջության ոլորտում աջակցությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների, անհատական կարիքների և արժանապատվության հարգման վրա՝ ապահովելով համայնքում անկախ և լիարժեք կյանք ունենալու հնարավորությունները։

Հայերեն English

Հայաստանը թակարդից հանել ենք. Փաշինյան

Վարչապետը հարավում սահմանազատումը համարում է ԹՐԻՓՓ-ի իրագործման կարևոր հանգրվաններից մեկը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը

Իսրայելը մտադիր չէ հեռանալ Սիրիայից, Լիբանանից և Գազայից, մինչև սպառնալիքները լիովին չվերանան

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները բարձրաձայնել են Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրները

Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի արևելքում ամերիկյան MQ-9 ԱԹՍ խոցելու մասին

Մասիսի բժշկական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել հաջորդ տարվա սկզբին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -18/11/26