Համայնքների եկամուտներն ավելացնելու նախագիծ կներկայացվի Կառավարությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության հաստատմանը կներկայացվի համայնքների եկամուտների ավելացմանն ուղղված նախագիծ, որից կշահի նաև Երևանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ մայրաքաղաքի ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ հարցին։

Թունյանը կարևորել է Երևանի խնդիրների լուծման և տարածքային համաչափ զարգացման միջև հավասարակշռություն ապահովելը՝ նշելով, որ առանց պատշաճ ֆինանսավորման մայրաքաղաքի հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել։

«Պետք է գտնել հավասարակշռված լուծում, որ մենք ո՛չ տարածքային համաչափ զարգացմանը վնասենք, ո՛չ էլ Երևանի զարգացմանը։ Ուզում եմ հասկանալ՝ այս պահին հնարավորություն ունե՞նք Երևանի ֆինանսավորման հարցում որոշակի փոփոխությունների գնալու»,- հարցրել է պատգամավորը։

Հովհաննիսյանը նշել է, որ սահմանափակ բյուջետային միջոցների պայմաններում Երևանին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելը պահանջում է որոշել նաև այդ միջոցների աղբյուրը։

«Երբ  Դուք հարցնում եք՝ Երևան քաղաքին ավել ֆինանսավորում տալու հնարավորություն կա՞, պետք է որոշենք, թե ո՞ւմ պետք է ավելի քիչ տանք, որպեսզի Երևանին ավելի շատ տանք»,- ասել է նախարարը։

Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել քննարկելու մայրաքաղաքի հրատապ խնդիրները՝ հիշեցնելով, որ տարվա ընթացքում հնարավոր են միջոցների վերաբաշխումներ։

«Տարվա ընթացքում լինում են իրավիճակներ, երբ տեսնում ենք, որ այս կամ այն ծրագիրն այն արագությամբ առաջ չի գնում, ինչպես պլանավորված էր, և մենք այդ միջոցները վերաուղղում ենք այլ ուղղություններով»,- նշել է Հովհաննիսյանը։

Արձագանքելով՝ Թունյանն առաջարկել է քննարկել նաև Երևանի սեփական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնումը։ Նա հիշեցրել է որոշ հարկատեսակներից համայնքային բյուջեներին մասհանումներ նախատեսելու վերաբերյալ նախորդ քննարկումները և հետաքրքրվել՝ հնարավո՞ր է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ։

«Մենք մտածում ենք այս ուղղությամբ և հանձնառություն ունենք նաև մտածելու ու գտնելու ձևեր, որոնցով մենք կավելացնենք համայնքների եկամուտները։ Եվ մենք ունենք մի նախագիծ, որը ներկայացնելու ենք Կառավարության հաստատմանը, որը հենց դրան է ուղղված, և կարծում եմ՝ դրանից շահելու է նաև Երևանը»,- պատասխանել է նախարարը։

Որպես մեկ այլ գաղափար՝ Հովհաննիսյանը նշել է գույքի արժեքի հավելաճի հարկման հետ կապված եկամուտների մի մասը համայնքային բյուջեներ ուղղելու հնարավորությունը։ Նա դա ներկայացրել է որպես քննարկման տարբերակ։

 

Հայերեն