Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները մասնակցել են Գերմանիայում կայացած աշխատաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ համայնքներից էներգետիկ կառավարման 16 մասնագետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ միասին վերջերս մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած 7-օրյա աշխատաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց աշխատաժողովի մասնակից, Գավառի պետական համալսարանի դասախոս, Գավառի համայնքապետարանի աշխատակից Լալա Մկրտչյանը, աշխատաժողովի ընթացքում ուսումնասիրվել է Գերմանիայի Բավարիա երկրամասի Շվաբիա վարչական շրջանում գտնվող Քեմփտեն, Մեմմինգեն և Բոբինգեն քաղաքային համայնքների հաջողված փորձը, քննարկվել են էներգետիկ կառավարման խնդիրների ժամանակակից լուծումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  հանրային շենքերի էներգաարդյունավետության և ջեռուցման, օդափոխության ու օդորակման խելացի համակարգերի ապահովման, վերականգնվող էներգիայի ստացման, էներգիայի կուտակման մարտկոցների, հողմային և գրունտային ջրերի էներգիայի, ջերմային պոմպերի կիրառման հետ կապված հարցերին։

«Գեղարքունիքի մարզից աշխատաժողովին մասնակցում էին նաև Մարտունիի և Վարդենիսի համայնքապետարանների երկուական ներկայացուցիչ։ Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը մասնակիցները պատրաստ են կիրառել իրենց համայնքներում՝ նպաստելով կայուն և դիմակայուն էներգետիկ լուծումների ներդրմանը։ Աշխատաժողովն անցավ հետաքրքիր ու բովանդակալից մթնոլորտում, որի ընթացքում մենք հասցրինք շատ բան յուրացնել էներգիայի խնայողության, հանրային շենքերի էներգաարդյունավետության ու մի շարք այլ ուղղություններում»,-ներկայացրեց Լալա Մկրտչյանը։

Աշխատաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության և Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ, GIZ-ի կողմից իրականացվող «SE 4 Resilience» ծրագրի՝ մարդկային կարողությունների զարգացմանը միտված միջոցառումների շրջանակում։

Հայերեն