1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 5 փողոցում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը, Ծովինարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Ծովինարի 5 տարբեր փողոցներում՝ երկաթբետոնե կիսախողովակներով, 1065 մետր ընդհանուր երկարությամբ։
Դեռևս սեպտեմբերին մեկնարակած շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 80 տոկոսով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի։
Ծրագրի իրականացման արդյունքում 2027 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից ջուրը Ծովինարի 150 տնտեսության կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։