2 րոպեի ընթերցում
ԱՄՆ զինված ուժերը ժամկետանց զինամթերք են օգտագործել Իրանի դեմ պատերազմի ընթացքում՝ նախապես փոխելով դրանց վիճակի վերաբերյալ կոդերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հանգ Կաոն Սենատում կայացած լսումների ժամանակ։
««Էպիկական ցասում» գործողության ընթացքում օգտագործված զինամթերքի մեծ մասը վերակոդավորվել է։ Դրանք ունեցել են «Արձագանք» կամ «Ֆոքստրոտ» կոդերը, ինչը նշանակել է, որ դրանք եղել են ժամկետանց», - մեջբերում է Հանգ Կաոյի խոսքը Business Insider լրատվական հարթակը։
Հանգ Կաոն հստակ չի նշել, թե այդ կերպ հատկապես ինչ զինամթերք է վերակոդավորվել և քանի նման զինամթերք է օգտագործվել։ Նախարարի պաշտոնակատարն այդ գործելաոճը համեմատել է չոր հացը միկրոալիքային վառարանում վերականգնելու հետ։
«Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում։ Հացի նման բաները պիտանելիության ժամկետ չունեն։ Պարզապես անհրաժեշտ է այն թրջել, 15 վայրկյան դնել միկրոալիքային վառարանում և կարելի է ուտել», - հայտարարել է նա։
Կաոն նաև նշել է, որ այժմ Tomahawk թևավոր հրթիռների ամսական արտադրության քանակը հասել է 60-ի, մինչդեռ իր զինվորական ծառայության սկզբում արտադրվում էր տարեկան մոտ 125 նման հրթիռ։
Կաոյի հայտարարությունները հնչել են վերջին ամիսներին բարձրացված մտահոգությունների ֆոնին՝ արդյոք Պենտագոնն ունի թանկարժեք հրթիռների և այլ զինամթերքի բավարար պաշարներ։