2 րոպեի ընթերցում
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում երկրի մարզերի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 1441 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մայրաքաղաք Մոսկվայի ուղղությամբ արձակվել է շուրջ 800 ԱԹՍ։ Ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների՝ այս հարձակումը, որը ձեռնարկվել է նոյեմբերի 16-ի ժամը 17։00-ից մինչև նոյեմբերի 17-ի առավոտ, դարձել է վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինը։ Ըստ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի՝ ԱԹՍ-ների մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու, 321-ը՝ Մոսկվային մոտենալիս։
Կալուգայի մարզի տարածքում ոչնչացվել է 293 ԱԹՍ, հայտնել է նահանգապետը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ ռուսական ուժերը հետ են մղել անօդաչուների զանգվածային հարձակումն Ուֆայի և Սալավատի արդյունաբերական գոտիներում։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերի կրկնակի հարձակման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Ղրիմի կամրջով գնացքների և ավտոմեքենաների երթևեկությունը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Ղրիմի կամուրջը հարձակման էր ենթարկվել նաև նոյեմբերի 16-ին։
Ռուսաստանն էլ հարվածել է Ուկրաինային։ Կիևում հարձակումների հետևանքով դադարեցվել է Հյուսիսային և Հարավային կամուրջներով երթևեկությունը։ Վնասվել են նաև կարևոր ենթակառուցվածքները։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է ջրամատակարարման և ջեռուցման խափանումների մասին։
Չերկասիի մարզում ռուսական բալիստիկ հրթիռների հարվածի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ենթակառուցվածքներին հասցված վնասը ճշտվում է։
Միևնույն ժամանակ, Կամիշևախայում ավարտվել են նոյեմբերի 2-ին ռուսական հարվածից հետո փլվածքների մաքրման աշխատանքները. զոհերի ընդհանուր թիվը հասել է 72-ի։ Հարվածը հասցվել էր նախկին դպրոցի շենքին, որտեղ հումանիտար օգնություն էր բաժանվում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են երկու շաբաթ։