2 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի այցելություններին, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ընկալմամբ։
Նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներ հասանելիության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
Նախարար Միրզոյանը և Դան Նեկուլաեսկուն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հարցեր։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառման հարցում։
Հայաստանի և Ռումինիայի նախարարները մտքեր են փոխանակել Սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգային հարցերի շուրջ: