Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրները ողջունել են ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու Իրանի երկօրյա ծրագիրը. Արաղչի
2 րոպեի ընթերցում
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրները ողջունել են Թեհրանի առաջարկած երկօրյա ծրագիրն՝ ուղղված ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
Արաղչիի խոսքով՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարները հույս են հայտնել, որ այդ ծրագիրը կհանգեցնի պատերազմի վերջնական ավարտին:
Իրանի առաջարկած ծրագրով նախատեսվում է 48 ժամում Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսում, եթե Վաշինգտոնը կատարի Թեհրանի պահանջները: Դրանց թվում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, իրանական նավահանգիստների շրջափակման ավարտ և իրանական ակտիվների ապասառեցում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պայմաններից մի քանիսը որակել էր որպես «վրդովեցուցիչ և ծիծաղելի»: Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնության հասնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Արաղչին նաև հայտնել է, որ նոյեմբերի 16-ին Իսլամաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի քննարկման թեմաներից է եղել Գազայում տիրող իրավիճակը: Մասնակիցները կոչ են արել ապահովել հումանիտար օգնության մուտքը պաղեստինյան անկլավ:
Տնտեսական համագործակցության կազմակերպության կազմի մեջ են մտնում Իրանը, Պակիստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Աֆղանստանը: