Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը

2 րոպեի ընթերցում

Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։ Հայտարարությունը հաջորդել է Էստոնիայի պաշտպանական արդյունաբերության ընկերություններից մեկի դեմ ենթադրյալ դիվերսիայի փորձին, որի կազմակերպման համար Տալլինը մեղադրում է Մոսկվային։

Գիշերվա ընթացքում Էստոնիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ութ անձի՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Threod Systems ընկերության տարածքում հրկիզման փորձի կասկածանքով։ Էստոնական կողմի պնդմամբ՝ գործողությունը պատվիրել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը։

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Էստոնիայի դեմ թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա»,- X-ի իր էջում գրել է արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան` նշելով, որ սա հերթական հիշեցնում է, որ «Ռուսաստանի թշնամական գործողությունները տարածվում են Ուկրաինայի սահմաններից անդին»։

Նա չի հստակեցրել, թե որքան ժամանակով են փակվելու սահմանային անցակետերը և արդյոք կա դրանց վերաբացման ժամկետ։

«Եվրոպան ունի Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու լծակներ։ Մենք պետք է օգտագործենք դրանք»,- մեկ այլ գրառման մեջ հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարարը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ եթե Էստոնիան իսկապես փակի սահմանը, ապա դա կլինի ռուսատյացության հերթական դրսևորումը։

Հայերեն English فارسی Русский