Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսում` Կահիրեից մոտ 76 կմ հարավ երկու մարդատար գնացքներ են բախվել, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել է, 112-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։

Երկրի պետական երկաթուղային վարչության տվյալներով՝ Գիզայից Ֆայում ուղևորվող գնացքը նոյեմբերի 8-ին բախվել է Կահիրեից Ասուան ընթացող մեկ այլ գնացքի հետևի հատվածին, ինչի հետևանքով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։

Երկաթուղային վարչության հաղորդմամբ՝ փրկարարական խմբերն աշխատում են վթարի վայրում՝ մաքրելով բախման հետևանքով առաջացած փլատակները և վերականգնելով Կահիրե-Վերին Եգիպտոս երկաթուղային գծի աշխատանքը։ Գերատեսչությունը, սակայն, չի նշել, թե որքան ժամանակ կպահանջվի երթևեկությունը վերականգնելու համար։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին կարգադրել է հնարավորինս սեղմ ժամկետում հետաքննել վթարը և հայտարարել, որ անփութության համար մեղավոր ճանաչված անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հետաքննություն է ընթանում վթարի տեխնիկական պատճառները պարզելու նպատակով։

Եգիպտոսն ունի տարածաշրջանի ամենահին և խոշոր երկաթուղային ցանցերից մեկը։

Reuters-ը հայտնում է, որ երկրի պատմության մեջ ամենախոշոր երկաթուղային աղետը տեղի է ունեցել 2002 թվականին, երբ գերբեռնված մարդատար գնացքի յոթ վագոններում հրդեհ էր բռնկվել։ Աղետի հետևանքով զոհվել էր առնվազն 360 մարդ։

Հայերեն English Русский