Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

5 րոպեի ընթերցում

Վերոնիկա Զոնաբենդի գլխավորությամբ՝ Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանն է փոխանցել Բաքվում պահվող բոլոր հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ՝ խնդրանքով աջակցել դրանք Բաքու հասցնելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղարաբաղի նախկին պետնախարար, կեղծ մեղադրանքներով Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը.

«Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար և նրանց վտանգի չենք կարող ենթարկել։

Տարբեր երկրներից նախաձեռնությանը միացան իրենց հասարակական և մասնագիտական գործունեությամբ հայտնի կանայք, որոնք պատրաստ էին այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։

2026 թվականի հունիսից ես մի քանի անգամ դիմել եմ Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակությամբ, փոքր խմբով կամ նրա աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ: Խնդրել եմ նաև համաձայնեցնել անվտանգության պայմանները։ Ցավոք, պատասխան այդպես էլ չեմ ստացել:

Հասարակական

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու

Փոխարենն այս ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան Բաքու մեկնելու պարագայում իմ հնարավոր ձերբակալության մասին։ Մեզ նաև անհանգստացնում է, որ օգոստոսի 25-ից նույնիսկ Ռուբենի տեղացի փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։ Ցանկանում ենք հուսալ, որ այդ հարցը կկարգավորվի:

Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը։ Օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած մեր հանդիպումից հետո մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ մեր գրավոր հարցումը դեռևս անպատասխան է մնում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը զարգանում են, հայկական պատվիրակություններն այցելում են Ադրբեջան։ Սա վկայում է, որ առկա են բոլոր նախադրյալները մարդասիրական այց կազմակերպելու համար, և հայ բանտարկյալներին այցելելու հարցը պետք է ներառվի նման այցերից մեկի օրակարգում։

Մենք որոշեցինք չհետաձգել այն նամակների փոխանցումը, որոնք պատվիրակությունը պետք է անձամբ հանձներ հայ գերիներին։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցվել է բոլոր հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ՝ խնդրանքով աջակցել դրանք Բաքու հասցնելու հարցում։ Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր նամակ կհասնի իր հասցեատիրոջը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր բանտարկյալ ստանա աջակցության խոսքեր և իմանա, որ իրեն հիշում են։

Շնորհակալ եմ պատվիրակության յուրաքանչյուր մասնակցի և բոլոր նրանց, ովքեր աջակցության նամակ են գրել։

Մեր նպատակը մնում է անփոփոխ՝ տեսնել մեր հարազատներին և վերականգնել բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքը, մինչև նրանք բոլորը տուն վերադառնան։ Մենք գիտակցում ենք, որ այս ճանապարհը կարող է երկար լինել, բայց հավատում ենք, որ այն կհանգեցնի արդարացի լուծման»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 15-ին Վերոնիկա Զոնաբենդն ահազանգել էր, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից։ Նա հայտարարել էր նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։

Հայերեն

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը