Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո
2 րոպեի ընթերցում
Ֆրանսիայի կառավարության ղեկավար Սեբաստիան Լեկոռնյուն նոյեմբերի 9-ին «սոցիալական խորհրդաժողով» կանցկացնի արհմիությունների և գործատուների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ զանգվածային բողոքների հետ կապված իրավիճակից ելք գտնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը։
Վարչապետն այս խորհրդակցությունը հրավիրում է վերջին շաբաթներին երկրում ծավալված հզոր բողոքի շարժման ֆոնին։ Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համազգային գործադուլին, ՆԳՆ տվյալներով, ամբողջ երկրում մասնակցել է 575 000 մարդ։ Մինչդեռ «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» արհմիութենական միավորումը հայտարարել է, որ մասնակիցների թիվը կազմել է շուրջ 1,6 միլիոն։
Ելիսեյան պալատից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեկոռնյուին և կառավարությանը հանձնարարել է իրավիճակը վերադարձնել բնականոն հուն։
Նոյեմբերի 5-ին խոշորագույն արհմիությունների ղեկավարները կրկին պահանջել են էականորեն բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև ընդհանուր աշխատավարձերն ու դրանց ինդեքսավորումը՝ գների աճին համապատասխան։
Արհմիությունների կազմակերպած ակցիաներին միացել են նաև «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները, ինչպես նաև ուսանողներն ու տնտեսության տարբեր հատվածների աշխատողները։ Ցույցերի հիմնական կոչերն էին «աշխատավարձերի, աշխատատեղերի և արդյունաբերության» պաշտպանությունը, ինչպես նաև բողոքը «պետական ծառայությունների ռեսուրսների կրճատման» դեմ։