Կվերականգնվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն նոյեմբերի 7-ից։ Թռիչքները կիրականացնի բուլղարական GullivAir ավիաընկերությունը՝ Bulgaria Air-ի հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել GullivAir ավիաընկերությունը։

Չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին։  Ձմեռային չվացուցակը կգործի մինչև 2027 թվականի մարտի 25-ը։ Ավիաընկերությունը դիտարկում է նաև ամառային սեզոնում թռիչքները շարունակելու հնարավորությունը՝ կախված ուղևորների պահանջարկից։

Նոր երթուղու առաջին չվերթը կկայանա նոյեմբերի 7-ին։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում առաջին չվերթի ինքնաթիռը պաշտոնապես կդիմավորեն Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի կառավարական ինստիտուտների ներկայացուցիչներ։

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերականգնումը կնպաստի Հայաստանի և Բուլղարիայի միջև օդային կապի բարելավմանը՝ հեշտացնելով երկու երկրների քաղաքացիների ճանապարհորդությունները և նոր հնարավորություններ ստեղծելով զբոսաշրջության, գործարար կապերի ու մշակութային փոխանակման համար։

 

Հայերեն English فارسی Русский