2 րոպեի ընթերցում
Նոյեմբերի 4-ին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Նշվում է, որ Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան, Հարավային Համգյոնի նահանգի Սոնդոկ շրջանից։ Ներկայում ԱՄՆ-ի հետ սերտ փոխգործակցությամբ անցկացվում է դրանց բնութագրերի ուսումնասիրություն։
«Մեր զինված ուժերը, Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի հուսալի համատեղ պաշտպանական համակարգի շրջանակներում, հետևում են Հյուսիսի գործողություններին։ Մենք պահպանում ենք պատրաստվածությունն ու հնարավորությունները՝ ցանկացած սադրանքի վճռական պատասխան տալու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Ենթադրվում է, որ հրթիռներն անցել են 300 կիլոմետրից պակաս տարածություն։ Իշխանությունները վերլուծում են արձակված հրթիռների տեխնիկական բնութագրերը՝ միաժամանակ չբացառելով, որ դրանց շարքում եղել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։
Հոկտեմբերի 29-ին Հյուսիսային Կորեան Վոնսանի շրջանից դեպի Ճապոնական ծով էր արձակել շուրջ մեկ տասնյակ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Դա տեղի է ունեցել Հարավային Կորեայի զինված ուժերի կողմից Փհենյանին միջկորեական սահմանի հարցով ռազմական գերատեսչությունների բանակցություններ անցկացնելու առաջարկ ներկայացնելուց մոտ մեկ շաբաթ անց։