Ի՞նչ մտահոգություններ ունեն ԱՄՆ ընտրողները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ. Reuters/Ipsos-ի հարցում
4 րոպեի ընթերցում
Կենսապահովման ծախսերի ավելացումն ամերիկացիների համար կլինի առաջնահերթ մտահոգություններից մեկը նոյեմբերի 3-ին անցկացվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքներով կորոշվի, թե ով կվերահսկի Կոնգրեսը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին երկու տարվա ընթացքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters/Ipsos-ի կողմից ստորև ներկայացված կետերն ընդգրկող հարցում է անցկացվել հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է ԱՄՆ 1765 չափահաս քաղաքացի։
Ապրուստի ծախսերի ավելացումը
Հարցմանը մասնակցած գրանցված ընտրողների շուրջ 48%-ը նշել է, որ քվեարկության որոշում կայացնելիս իրենց համար առաջնային հարցը կյանքի թանկացումն է։ 26%-ը որպես գլխավոր խնդիր նշել է ժողովրդավարական նորմերը, իսկ 13%-ը՝ ներգաղթը։
ԱՄՆ-ում վառելիքի գները կտրուկ աճել են փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր։
Դոնալդ Թրամփ
Reuters/Ipsos-ի հարցման համաձայն՝ քվեարկել պատրաստվող կամ արդեն այլ եղանակներով քվեարկած մարդկանց 48%-ը նշել է, որ իր քվեն դիտարկում է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ տրված քվե։ Միևնույն ժամանակ, 25%-ը հայտնել է, որ քվեարկում է նրա օգտին։ Եվս 25%-ը նշել է, որ Թրամփի գործոնը որևէ ազդեցություն չունի իրենց քվեարկության որոշման վրա։
Իրան
Միևնույն ժամանակ, ընտրողների շուրջ 25%-ը կարծում է, որ Իրանում ռազմական գործողություններն արդարացրել են իրենց գինը, մինչդեռ 55%-ը հակառակ կարծիքն ունի։ Եվս 18%-ը դժվարացել է պատասխանել։
Ընտրական գործընթացի անաչառությունը
Ինչ վերաբերում է ընտրական գործընթացի հանդեպ վստահությանը, ամերիկացիների 77%-ը համոզված է, որ իր քվեն պատշաճ կերպով կհաշվարկվի, սակայն 45%-ը կարծում է, որ ընտրակեղծիքները լայն տարածում ունեցող խնդիր են։
Ընտանիքների ֆինանսական վիճակ
Ամերիկացիների շուրջ 49%-ը կարծում է, որ իրենց ընտանիքների ֆինանսական վիճակը վատթարացել է 2025 թվականի հունվարից ի վեր, երբ Թրամփը կրկին ստանձնեց նախագահի պաշտոնը։ Միևնույն ժամանակ, 13%-ը նշել է, որ իրենց ֆինանսական վիճակը բարելավվել է, իսկ 37%-ը կարծում է, որ էական փոփոխություններ չեն եղել։
Տրանսգենդերների մասնակցությունը սպորտային մրցումներին
Բացի այդ, ընտրություններից առաջ հարցմանը մասնակցած ընտրողների շուրջ 38%-ը նշել է, որ տրանսգենդեր աղջիկների և կանանց՝ կանանց սպորտային մրցումներին մասնակցելու արգելքը համարում է շատ կարևոր և առաջնահերթ խնդիր։ 25%-ը նույն կարևորությունն է տվել տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությանը։
Տվյալների կենտրոնները
Հարցմանը մասնակցած գրանցված ընտրողների շուրջ 42%-ը նշել է, որ արհեստական բանականության աշխատանքն ապահովող տվյալների մշակման կենտրոնների կառուցման սահմանափակումը համարում է շատ կարևոր կամ առաջնահերթ խնդիր։
Խոշոր նվիրատուները
Նաև գրանցված ընտրողների մեծամասնությունը՝ ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում, կարծում է, որ միլիարդատերերի կողմից ընտրությունների վրա ազդեցություն գործելու նպատակով տասնյակ միլիոնավոր դոլարի նվիրատվություններն անընդունելի են։ Այս կարծիքին է դեմոկրատների 93%-ը և հանրապետականների 71%-ը։
Քաղաքական այլընտրանքները
Միևնույն ժամանակ, հարցմանը մասնակցած գրանցված ընտրողների 43%-ը նշել է, որ դեմոկրատները գոնե ունեն որոշ լավ գաղափարներ, իսկ հանրապետականների մասին նույն կարծիքն է հայտնել 39%-ը։